2023թ. պետական բյուջեի նախագծով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ)-ին կհատկացվի 1 միլիարդ 376 միլիոն դրամ։ Գումարը հատկացվելու է ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում ծրագրի շրջանակներում:
Ներկայացված ֆինանսական միջոցներն ուղղված են 4 հիմնական միջոցառումների կատարմանը՝
1․ԿԸՀ գործունեության ապահովման և ընտրական ծրագրերի համակարգման, կազմակերպման, անցկացման, մոնիթորինգի ծառայություններին ուղղվելու է 457 միլիոն դրամ,
2․Ընտրական հանձնաժողովների անդամների մասնագիտական դասընթացների կազմակերպմանը՝ շուրջ 59 միլիոն դրամ,
3․ՏԻՄ ընտրությունների կազմակերպմանը՝ շուրջ 7 միլիոն դրամ,
4․ Երևանի ավագանու ընտրությունների կազմակերպմանը՝ 853 միլիոն դրամ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության ապահովմանն ուղղված բյուջետային միջոցների տարբերությունը 2022-ի համեմատությամբ 75 միլիոն դրամ է, որից աշխատավարձին ուղղվող գումարը 61 միլիոն դրամ է, ընթացիկ ծախսերին՝ 14 միլիոն դրամ։ Աշխատավարձի ֆոնդի ավելացումը պայմանավորված է 2022 թվականի հուլիսի 14-ին «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում կատարված փոփոխություններով և լրացումներով:
Երևանի ավագանու ընտրությունները կազմակերպվելու և անցկացվելու են ԿԸՀ-ի 10 ԸԸՀ-ների և մոտ 475 տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը