29 08 2018

Ովքե՞ր կպայքարեն Երևանի ավագանու ընտրություններում

Ովքե՞ր կպայքարեն Երևանի ավագանու ընտրություններում

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով  անհրաժեշտ փաստաթղթեր է ներկայացրել 13 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 9 կուսակցություն։ Այս մասին լրագրողներին հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը: 

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև սեպտեմբերի 3-ը բոլոր հայտերը կուսումնասիրի և կհայտարարի այն քաղաքական ուժերի անունները, որոնք կմասնակցեն Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ ընտրություններին»,- նշեց Սմբատյանը: 

Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել «Ռեֆորմիստների» կուսակցությունը, ԲՀԿ-ն, «Հայկազուններ» կուսակցությունը, ՀԺԱՄ-ը, «Երևանցիներ» դաշինքը, «Իմ քայլը» դաշինքը, ՀՅԴ-ն, «Երևանի հանրություն» դաշինքը, «Ժառանգություն» կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, ՀՀՇ-ն և «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է «Իմ քայլը» դաշինքով, որի կազմում ընդգրկված են ՔՊ-ն, «Առաքելություն» կուսակցությունը, ինչպես նաև հեղափոխությանը մասնակցած շատ անհատներ ու գործիչներ:

Ցուցակը գլխավորում է ՔՊ անդամ Հայկ Մարությանը, երկրորդը ՔՊ անդամ Սրբուհի Ղազարյանն է, երրորդը' մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը: 

Ցուցակում ընդգրկված է 170 հոգի:

«Լույս» դաշինքի ցուցակը գլխավորում է Արտակ Զեյնալյանը, երկրորդ տեղում Դավիթ Խաժակյանն է, երրորդում Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանն է: Ցուցակը բաղկացած է խորհրդանշական 111 անունից:

«Երկիր ծիրանի» կուսակցությունը 56 հոգանոց ցուցակ է ներկայացրել և այն գլխավորում է Զարուհի Փոստանջյանը:

ՀՅԴ ցուցակը բաղկացած է 77 հոգուց, գլխավորում է ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանը, երկրորդ տեղում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Հակոբյանը, երրորդ հորիզոնականում՝ ՀՅԴ Երևան քաղաքի կոմիտեի ներկայացուցիչ Խաչատուր Ստեփանյանը:

ԲՀԿ ցուցակի առաջին տեղում է«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, երկրորդ տեղում՝ «Կենտրոն» հեռուստաընկերության հաղորդավար, «Ուրվագիծ» հաղորդման Պետրոս Ղազարյանը, իսկ երրորդ տեղում «Ինչ, որտեղ, երբ» խաղի գիտակ Արման Աբովյանը: 

«Ժառանգություն» կուսակցության ցուցակում 49 հոգի է ընդգրկված, ցուցակը գլխավորում է Րաֆֆի Հովհաննիսյանը, երկրորդ հորիզոնականում Արմեն Մարտիրոսյանն է, երրորդում՝ Հովսեփ Խուրշուդյանը։

«Երևանի հանրություն» նախաձեռնության ցուցակում ընդգրկված է 47 անձ, գլխավորում է Անահիտ Թարխանյանը,  երկրորդ հորիզոնականում Արամ Գրիգորյանն է, երրորդում՝ Արմեն Հովհաննիսյանը: Թվով 14 ՀԿ-ներ են միացել նախաձեռնությանը:

«Օրինաց երկիր» կուսակցության ցուցակը կգլխավորի կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգալդյանը: «Օրինաց երկիր»-ը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին կմասնակցի 115 հոգանոց ցուցակով։

ՀՀՇ-ի ցուցակը կգլխավորի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը։

«Ժողովրդական ուղի» կուսակցության կգլխավորի կուսակցության նախագահ Մանուել Մանուկի Գասպարյանը: 

Ռեֆորմիստների կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է կինոռեժիսոր Արտակ Ավետյանը, 2-րդ տեղում պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Էդուարդ Պողոսյանն էը, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցնում է Լևոն Սաֆարյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ