29 08 2018

Ո՞ր երկրին բաժին կհասնի ՀԱՊԿ ղեկավարի պաշտոնը. Հայաստանն անհանգստանալու ռեալ առիթ ունի

Ո՞ր երկրին բաժին կհասնի ՀԱՊԿ ղեկավարի պաշտոնը. Հայաստանն անհանգստանալու ռեալ առիթ ունի

Նախօրեին անսպասելի ելույթով հանդես եկավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Անրադառնալով ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակին նա գրեթե բաց տեքստով հասկացրեց , որ դաշինքի առաջատար պետությունները (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) անհանգիստ են   ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ծագած քաշքշուկից: Լուկաշենկոն պնդում է, թե ինքը ժամանակին այլ լուծումներ է առաջարկել այս հարցում, բայց իրեն չեն լսել (նկատի ունի պաշտոնական Կրեմլին) և այժմ ափսոսում են դրա համար: Ըստ Բելառուսի նախագահի, ստեղծված իրավիճակն ինքը քննարկել է Ռուսաստանի հետ, և Մոսկվան ու Մինսկը այդ հարցում լուծումներ գտնելու ճանապարհին են: Հիշեցնենք, որ մինչ այս Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության հետ կապված հարցը քննարկել էր Նուրսուլթան Նազարբաևի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Ինչպես հայտնի է՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման նոր կարգը դաշինքի անդամ պետությունների ղեկավարները հաստատեցին անցած տարի: Ըստ այդ նոր կարգի, գլխավոր քարտուղարի պաշտոնը երեք տարին մեկ փոխանցվում է ՀԱՊԿ անդամ վեց պետություններից յուրաքանչյուրին՝ այբենական հերթականությամբ:

Առաջինը նոր կարգով քարտուղարությունը ստանձնեց Հայաստանը՝ այդ պաշտոնում երաշխավորելով գեներալ Յուրի Խաչատուրովին: Բայց քանի որ շաբաթներ առաջ Հայաստանի ՀՔԾ-ն նրան մեղադրանք առաջադրեց մարտի 1-ի գործով, Հայաստանը որոշում կայացրեց փոխել իր ներկայացուցչին, քանի որ ըստ նոր կանոնակարգի՝ մինչև 2020 թվականն այդ պաշտոնում առաջադրման իրավունքը պատկանում է պաշտոնական Երևանին: Կարծես ամեն ինչ հստակ է և եթե հավատանք Հայաստանի նոր՝ հեղափոխական կառավարության հավաստիացումներին. Հայաստան –Ռուսաստան հարաբերություններում «թավշյա հեղափոխությունից» հետո սկզբունքային պրոբլեմներ չկան, ՀԱՊԿ գործընկերների հետ՝ նույնպես: Այդ դեպքում առաջանում է հարց ՝ այս ի՞նչ «բազար» են բացել Լուկաշենկոն ու Նազարբաևը և արդյո՞ք դա նաև Մոսկվայի կողմից միջնորդավորված նախաձեռնություն չէ:

Խնդիրն այն է, որ Հայաստանը անդամակցում է ոչ միայն ՀԱՊԿ-ին այլև ԵՏՄ-ին: Եթե ՀԱՊԿ-ն 1992-ից գոյություն ունենալով, ենթարկվել է աստիճանական տրանսֆորմացիայի և նախկինում անդամ 10 պետություններից մնացել են 6, ապա ԵՏՄ-ն նորաստեղծ տնտեսական միություն է, որը Ռուսաստանը ձգտում է վերածել քաղաքական միության կամ կայսերական նոր մոդելի: ՀԱՊԿ անդամ 6 պետություններից 5-ը հիմնադրել են ԵՏՄ-ն և միայն Տաջիկստանը տարբեր պատճառներից ելնելով չի դարձել ԵՏՄ անդամ, թեպետ որոշակի ձգտում Դուշանբեի կողմից կա: Միաժամանակ, բոլորն են հիշում թե ինչ , մեղմ ասած՝ անհարմար ձևով Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ մի գիշերվա մեջ «շրջադարձ» կատարելով եվրաինտեգրման ուղղուց, երբ Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը պատրաստ էր ու սպասում էր նախաստորագրման:

Ինչպես Արևմուտքում, այնպես էլ Ռուսաստանում այս պատմությունը չի մոռացվել:

Որոշ ռուս վերլուծաբաններ նույնիսկ պնդում են, որ Մոսկվան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահների պաշտոններում Հայաստանի ներկայացուցիչներին երաշխավորելով, փորձում էր սիրաշահել պաշտոնական Երևանին և հայերին առհասարակ: Թեպետ ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում ծանր քաշային հանդիսացող Ղազախստանն ու Բելառուսը դեմ են եղել, ինչպես Տիգրան Սարգսյանի, այնպես էլ Յուրի Խաչատուրովի նշանակմանը:

Ռուսական կողմը, քաղաքական մեկնաբանների և ԶԼՄ-ների բերանով, բազմիցս արդեն հասկացրել է Հայաստանի նոր ղեկավարությանը, որ պաշտոնական Երևանի գործողությունները Մոսկվային դնում են շատ անհարմար վիճակի մեջ Լուկաշենկոյի և Նազարբաևի մոտ: Նրանք էլ իրենց հերթին հասկացնում են Կրեմլին, թե ռազմաքաղաքական կազմակերպությունը խաղալիք չէ, որ օրումեջ գլխավոր քարտուղար փոխեն և դաշինքի անդամ պետությունը պարտավոր է հարգել ձեռք բերված պայմանավորվածությունները: Սա ընդամենը մեկ, բայց Մոսկվայի համար շատ տհաճ նրբերանգ է: Ավելի վատ, եթե այդ նրբերանգն իր մեջ պարունակում է Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը, որն օգտվելով իրավիճակից, փորձում է ՀԱՊԿ-ի ներսում իր փորձված գործընկերներ Լուկաշենկոյի և Նազարբաևի միջոցով հերթական անգամ խնդիրներ ստեղծել Հայաստանի համար:

Բայց մյուս կողմից ամենևին չի բացառվաում, որ Մինսկի և Աստանայի առայժմ կիսապաշտոնական դժգոհության աղբյուրը հենց Կրեմլն է: Եվ ահա թե ինչու:

Հայաստանի նոր, հեղափոխական իշխանությունների հավաստիացումները, թե պաշտոնական Երևանը արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձերի չի դիմելու առանձնապես հավատ չեն ներշնչում: Որովհետև ներքին կյանքում կատարվում է ճիշտ հակառակը, իսկ յուրաքանչյուր երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը փոխկապակցված են: Եթե իշխանության եկած հեղափոխականները դրոշի վրա գրում են սեր և համերաշխություն ու անմիջապես անցնում նախկին իշխանավորներին բացահայտ ընտրովի սկզբունքով պատասխանատվության ենթարկելուն, ընդ որում՝ նույնքան բացահայտորեն անտեսելով սահմանադրությունն ու օրենքները, սա չի կարող արտաքին աշխարհում, հատկապես դաշնակից պետություններում զգուշավորություն, մտահոգություն և ի վերջո՝ անվստահություն չառաջացնել:

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հայտնի հայտարարությունն այս կոնտեքստում ամենևին պատահական չէր: Չի բացառվում, որ պաշտոնական Մոսկվան, փոշմանելով Հայաստանի ներկայացուցիչներին միջպետական կառույցներում երաշխավորելու իր նախաձեռնության համար, այժմ արդեն հակված է բավարարել Բելառուսի և Ղազախստանի պահանջը կամ ցանկությունը: Իսկ Լուկաշենկոյի և Նազարբաևի ակնարկներից երևում է,որ նրանք չեն ցանկանում ՀԱՊԿ գլխավոր քարտողարի պաշտոնում Հայաստանի մի ներկայացուցչին փոխարինել մեկ ուրիշով: Ռուսական փորձագետների պնդմամբ, Մինսկը և Աստանան Մոսկվայից պահանջում են, որ Յուրի Խաչատուրովի հետկանչի դեպքում տեղի ունենա ոչ թե փոխարինում, այլ ռոտացիա և Հայաստանի ներկայացուցչին, ըստ այբենական կարգի, փոխարինի Բելառուսի ներկայացուցիչը:

Այստեղից էլ Լուկաշենկոյի աննախադեպ ակտիվությունը: Արդյունքում մեր հեղափոխական իշխանություններն իրենց իսկ նախաձեռնությամբ երկրի հեղինակությունը դնում են   լուրջ հարվածի տակ, հանուն քարոզչական նպատակներ հետապնդող և որևէ իրավական հեռանկար չունեցող քրեական գործի՝ արտաքին ասպարեզում կորսվելու կարևոր խաղաքարտերից մեկը դնում՝ դիմացը չստանալով ոչինչ՝ բացի վարկաբեկումից: Իսկ թե ինչպես կարող է իրեն պահել ՀԱՊԿ-ում Բելառուսի առաջարկած գլխավոր քարտուղարը, ասենք՝ ղարաբաղյան հակամարտության գոտում հնարավոր ռազմական սրացման ժամանակ, դժվար չէ պատկերացնել: Բավական է վերհիշել այդ երկրի արտգործնախարարության հայտարարությունը քառօրյա պատերազմի ժամանակ:

 

Գայանե Ստեփանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ