Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ն չի առաջադրելու քաղաքապետի թեկնածու: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մանրամասնելով, որ հետհեղափոխական իրավիճակում ավելի կարևոր արտաքին և ներքին հարցեր են տեսնում, քան ՏԻՄ ընտրությունները:
Դիտարկմանը, երբ իրենց կուսակցությունը իշխանություն էր, ինքը հորդորում էր ընդդիմությանը մասնակցել ՏԻՄ ընտրություններին, Շարմազանովը պատասխանեց` միշտ չէ, որ իր կարծիքը կուսակցությունում մեծամասնություն է լինում: «Քաղաքական գործիչները իրադարձության փոփոխության պայմաններում կարող են փոփոխել իրենց կարծիքը»,-ասաց նա ՝ հավելելով, որ կուսակցությունում դեռ չեն քննարկել, թե ում են սատարելու առաջիկա ընտրություններին:
Անդրադառնալով ԱԺ ընտրություններին մասնակցությանը` Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ն չի ստեղծվել նրա համար, որ թեկուզ իշխանափոխությունից հետո չմասնակցի ԱԺ ընտրություններին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը