ՀՀԿ-ն վերջին շրջանում ավելի ադեկվատ ու ճիշտ է գնահատում իրավիճակը, Aysor.am-ի հետ զրույցում՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նշենք, որ օգոստոսի 22-ին Փաշինյանն արձագանքելով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությանն, իր հերթին հայտարարել էր, որ ՀՀԿ-ն՝ իր նախագահի գլխավորությամբ շարունակում է սխալ գնահատել իրավիճակը։
Շարմազանովի խոսքով՝ Հանրապետական կուսակցության ղեկավար անձինք «հստակ» են արձագանքել Փաշինյանի «հակասական ու ոչ ժողովրդավարական տարրեր պարունակող» ելույթին։
«Եթե ինչ-որ մեկը այս պահին չի տիրապետում իրավիճակին, ապա դա պետության վարչապետն է։ Հանրապետական կուսակցությունը վերջին շրջանում ավելի իրատես է և ՀՀԿ-ն քաղաքական կուսակցություն է, ու պարոն վարչապետը պետք է գիտակցի, որ ընդդիմության խոսքը չպետք է արհամարել։ Մենք չպետք է գնանք դեպի միակարծություն, այլ՝ բազմակարծություն, անկախ նրանից, իրեն դուր է գալիս, թե ոչ, մենք ունենք մեր դիրքորոշումը», - հավելեց Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ վարչապետը «շանտաժի տարափ» է տարածում և դատավորների, և պատգամավորների, և այլ կարծիք ունեցողների վրա, սպառնում նրանց ԱԱԾ-ով։
«Եթե ընդդիմադիր Փաշինյանը իրեն թույլ էր տալիս ոնց ուզեր քննադատեր իշխանություններին, ապա մենք առավել ևս ունենք այդ իրավունքը։ Թե՞ իրեն թվում է, թե ինքն ունեցել է այդ իրավունքը, այսօրվա ընդդիմությունը չպե՞տք է ունենա։ Ես հարգանքով եմ վերաբերում նրա կարծիքին, ինքն էլ պետք է հարգի նաև մեր կարծիքը», - նշեց Շարմազանովը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը