Հայկական հեղափոխությունը հասել է ճամփաբաժնի և պետք է ընտրի հետագա ճանապարհը: Ճամփաբաժանը սովորաբար ինչ-որ բանի զոհաբերություն է հանուն ավելի կարևորի: Սխալ ընտրությունը կարող է անշրջելի հիասթափություն ու ապակողմնորոշում առաջացնել մարդկանց մոտ, գրում է Lragir.am-ը։
Կամ հեղափոխությունը գնում է միայն անցյալի ռևիզիայի ճանապարհով, կամ էլ սկսվում է ընդհանուր ապագայի շինարարություն: Ռևիզիան կարող է շատ բան պարզել՝ ընդհուպ մինչեւ Կիլիկյան թագավորության անկման պատճառները, բայց այդ դեպքում հարկ կլինի զոհել ապագան: Եթե ապագան ընտրես, հարկ է լինելու անցյալը հանգիստ թողնել: Կա երրորդ ճանապարհ՝ քաղաքական գնահատական տալ անցյալին, կրիմինալը թողնել իրավապահներին ու երկխոսություն սկսել ապագայի մասին:
Դատելով հրապարակումներից ու առավել աղմկոտ հայտարարություններից՝ առաջարկվել է ռևիզիա անել միայն վերջին 20 տարիները, այսինքն՝ այն ժամանակաշրջանը, երբ երկիրը կառավարում էին «օտարները»: Եթե ելնենք դրանից, ապա հեղափոխությունն ուղղված է նրան, որ Հայաստանը վերադառնա 1997 թվականի ստատուս-քվոյին:
Այս երեք ամիսներին աննկատ շատ բան է փոխվել հեղափոխության քաղաքական պլատֆորմում: Օրինակ, Երեւանի ավագանու ընտրություններին Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մասնակցում է առանց Ելքի դաշնակիցների: Հայ ազգային կոնգրեսն էլ լիակատար աջակցություն է հայտնել ՔՊ-ին: Կարելի է ենթադրել, որ այս պահին ոչ ֆորմալ իշխող դաշինքը ՔՊ-ՀԱԿ-ն է: Այս համատեքստում հասկանելի է 1997 թվականի ստատուս-քվոյին վերադառնալու մտադրությունը:
Սխալ ճանապարհի ընտրությունը կարող է հանգեցնել նրան, որ Սահմանադրական ճգնաժամը, որի մասին խոսում էր Նիկոլ Փաշինյանը, լուծվի հօգուտ Սահմանադրության, այլ ոչ թե հեղափոխության: Կրկին կարող է գալ Գագիկ Ծառուկյանի աստեղային ժամը, եւ նրա խմբակցության ձայնը կարող է որոշիչ լինել «Սահմանադրություն vs Հեղափոխություն» քվեարկությունում: Իսկ դա կարող է «խորտակել» ինչպես հեղափոխությունը, այնպես էլ Սահմանադրությունը, եթե երկրում նորից ձեւավորվի ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ արատավոր մեծամասնությունը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք Lragir.am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը