06 08 2018

ԼՂ գորդյան հանգույցը հարկավոր է վերջապես կտրել. Ադրբեջանի ԱԳՆ

ԼՂ գորդյան հանգույցը հարկավոր է վերջապես կտրել. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը: Հարցազրույցում Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքին:

Էլմար Մամեդյարովն ասել է, որ կարգավորման գործընթացն առաջ տանելու համար անհրաժեշտ է գոյություն ունեցող ձևաչափի հիման վրա և առկա օրակարգի շրջանակում առարկայական բանակցությունների ակտիվացում: «Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումը դարձավ իմ նոր հայ գործընկերոջ հետ առաջին բովանդակալից շփումը: Մենք նպատակդրված ենք արդյունքի, և պատրաստ ենք այդ ուղղությամբ շարունակել ինտենսիվ երկխոսությունը: Հանդիպումների վայրերն ու ամսաթվերը տեխնիկական պահեր են, որոնք քննարկվում են համապատասխան կապի գծերով»,- հայտնել է Էլմար Մամեդյարովը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նախատեսվում է «Մոսկվա-Բաքու-Երևան» ձևաչափով արտգործնախարարների հանդիպում, քանի որ Ռուսաստանը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի հիմնական միջնորդն է, հարևան երկրի ԱԳՆ-ն ասել է. «Կրկնեմ, որ Ադրբեջանը բաց է երկխոսության համար, սակայն դա պետք է լինի բովանդակալից և պատասխանատու բանակցություն՝ նպատակաուղղված արդյունքի»: Մամեդյարովը հավելել է, որ այն է «Ադրբեջանի տարածքների դեօկուպացիայի գործընթացի շուտափույթ մեկնարկը»: «Հենց դրա շուրջ է ձևավորվել այն գորդյան հանգույցը, որը հարկավոր է վերջապես կտրել, ինչից հետո մեծ մասամբ տեխնիկական բնույթ ունեցող ածանցյալ բոլոր խնդիրների լուծումը կստանա բոլորովին այլ բնույթ և չի ուղեկցվի նման բարդություններով»,-նշել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ