Հրապարակում ենք «Ազատության» հետ հարցազրույցի սղագրությունը.
- Պարոն Պողոսյան, ՀՔԾ- ղեկավարը հայտարարում է, որ ձեզ վրա 2008 թվականի ընտրություների վերաբերյալ ճնշում է գործադրվել:
- Ես այդպիսի բան չեմ ասել: Ես իրենց ասել եմ որոշ փաստեր, որոնք իրենք ներկայացնում են որպես ճնշում: Դա իրանց գործն է:
- Այսինքն չի եղել ճնշում:
- Չեմ ասում եղել է կամ չի եղել: Ես ներկայացրել եմ փաստը, մնացածը մեկնաբանություն է: Ես կարող եմ մեկնաբանել այսպես կամ այնպես: Դա իրենց մեկնաբանությունն է, իրենց հարցրեք:
- Ի՞նչ փաստ եք ներկայացրել:
- Ես դա ձեզ ասելու իրավունք չունեմ: Դրա մասին ես խոսելու իրավունք չունեմ:
- Ճի՞շտ են ՀՔԾ ղեկավարի խոսքերը, որ ձեր եղբոր միջոցով ձեզ վրա ճնշում են փորձել գործադրել:
- Ոչ, նորից եմ ասում, դա իրենց եզրակացությունն է:
- Բայց այդ եզրակացության վրա նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել:
- Չգիտեմ՝ մենակ այդ եզրակացության վրա՞ է: Դա իրենց գործն է, ես ի՞նչ գործ ունեմ: Ւրենք են որոշում:
- Դուք 2008թ. ընտրությունների վերաբերյալ ՍԴ որոշման հրապարակման ժամանակ ներկա չե՞ք եղել, պարոն Պողոսյան:
- Ոչ, հիվանդության պատճառով չեմ մասնակցել:
- Այսինքն, դա կապված չի եղել ինչ-որ անձի կողմից ճնշումով:
- Ոչ, հիմա էլի նույն հարցն եք տալիս, ես արդեն պատասխանեցի:
- Դուք նման ցուցմունք տվե՞լ եք:
- Ի՞նչ ցուցմունք:
- Որ ձեր կամ ձեր եղբոր վրա ճնշում է եղել:
- Ես այդպիսի ցուցմունք չեմ տվել:
- Դուք մասնակցե՞լ եք ՀՔԾ-ում հարցաքննության վերջին 1-2 ամիսներին:
- Այո, ես մասնակցել եմ, ինձ հարցանքննել են որպես վկա: Ես իրենց ասել եմ, ինչ ասել եմ:
- Դրանից կարելի՞ է եզրակացնել, որ եղղել է ճնշում:
- Եզրակացնողից է կախված:
- Այսի՞նքն:
- Մարդկ կա՝ կարող է եզրակացնել, մարդ էլ կա՝ կհերքի: Օրինակ՝ Արմեն Գևորգյանը կարող հերքել: Եթե Գևորգյանն ինձ անձամբ տեսներ, դեմ տար ատրճանակը, կասեի՝ սպառնալիք ա, բայց էդպիսի բան չի եղղել:
- Իսկ առանց ատրճանակի երբևէ հանդիպե՞լ եք Արմեն Գևորգյանի հետ:
- Ոչ, նրա հետ կյանքումս երբևէ չեմ առնչվել, չեմ շփվել: Բացարձակապես, մինչ օրս:
- Իսկ ձեր եղբայրը ձեզ երբևէ ասե՞լ է, որ այ այս հարցում լավ կլիներ այսպիսի որշում կայացվեր:
- Ոչ, չի եղել:
- Ձեր եղբայրը ձեզ երբևիցե ասե՞լ է, որ նախագահականում ցանկանում են, որ այս ընտրություների հետ կապված որոշումն այսպես իրականացվի:
- Դա արդեն վերաբերում է նախաքննության գաղտնիքին: Երկրորդ հարցն էլ կարող եմ տալ, դրա մասին էլ խոսեք. էդ քննչական վարչությունը, որ իմ ազգանունը հրապարակել է, իմ անվտանգության մասին մտածե՞լ է, թե՞ ես էլ իրենց համար միջոց եմ, ոչ թե մարդ:
Աղբյուրը՝ azatutyun.am:
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, թե ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը 2008թ. Սահմանադրական դատարանի անդամի վրա ճնշում է գործադրել, որպեսզի Սահմանադրական դատարանը հօգուտ Սերժ Սարգսյանի որոշում կայացնի։
Գևորգյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեղադրանքով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը