02 08 2018

Պետք է դիտարկել բացառապես իրավական դաշտում. Արմեն Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին. «Ժողովուրդ»

Պետք է դիտարկել բացառապես իրավական դաշտում. Արմեն Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով կալանավորված է: Տեղի ունեցածը Հայաստանի համար եզակի դեպք է, երբ երկրի պաշտոնաթող ղեկավարը հայտնվում է մեղադրյալի աթոռին: Ու տրամաբանական է, որ այս իրադարձությանը որևէ կերպ պետք է անմիջապես արձագանքեր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը. ի վերջո, Սահմանադրությամբ համարվում է, որ նախագահը պետության գլուխն է, Սահմանադրության պահպանման երաշխավորը: Այնպես որ, կարող էր որևէ կերպ կարծիք հայտնել: Այնինչ` Քոչարյանի կալանավորումից անցել է մոտ մեկ շաբաթ, բայց Արմեն Սարգսյանը լուռ է:

«Ժողովուրդ» օրաթերթը նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից փորձեց թեմայի վերաբերյալ պարզել Սարգսյանի վերաբերմունքը կատարվածին: «Տեղի ունեցող իրադարձությունները պետք է դիտարկել բացառապես իրավական դաշտում: Դրանցով զբաղվում են համապատասխան մարմինները, որոնք ունեն սահմանադրական ինքնուրույնություն, օրենքով սահմանված լիազորություններ և գործառույթներ: «Սահմանադրությունը հստակ սահմանում է իշխանության ճյուղերի, այդ թվում` հանրապետության նախագահի գործառույթներն ու լիազորությունները, որոնց շրջանակը չի նախատեսում խնդրո առարկա հարցի վերաբերյալ որևէ գնահատական տալը»,-նախագահի պատասխանն են փոխանցել նրա աշխատակազմից: Հարցին` որպես Սահմանադրության պահպանման երաշխավոր, Արմեն Սարգսյանն ինչ է կարծում` 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգի տապալում կամ խախտում տեղի է ունեցել, նշել են. «Սահմանադրության պահպանման գործառույթը ևս չի նախատեսում գնահատական տալ` 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգի խախտում տեղի ունեցել է, թե ոչ»:

Համաձայնեք, այնուամենայնիվ, Արմեն Սարգսյանին չէր խանգարի որպես ՀՀ քաղաքացի կարծիք հայտնել այդ գործընթացների մասին` խոսքերը ձևակերպելով այնպես, որ չդիտվի ուղղորդում: Չնայած, եթե հաշվի առնենք նախագահի արարողակարգային լիազորությունները, Սարգսյանը չի էլ կարող ուղղորդել իրավապահներին: Հ.Գ. Արդյո՞ք Արմեն Սարգսյանի կաշկանդվածությունը պայմանավորված է ՀՀ-ում մշտական բնակության մասին տեղեկանքով, որը տեսել է միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ