ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին։ Այս մասին հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը հուլիսի 31-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, անդրադառնալով Վարդան Բոստանջյանի հրաժարականին, նշել է, որ այդ քայլն ունի բացառապես անձնական պատճառ:
«Առողջական խնդիրների պատճառով պարոն Բոստանջյանը պատգամավորական մանդատը վայր դնելու որոշում է կայացրել: Այդ մասին կարող եք տեղեկանալ անձամբ իրենից: Պարոն Բոստանջյանն արդեն իսկ հանդիպման ընթացքում այդ մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: Երկարատև բուժման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ պարոն Բոստանջյանն այս փուլում առավելապես սեփական առողջության վերականգնման նպատակով նման որոշում է կայացրել: Մեզ համար նա շարունակում է մնալ մեր լավագույն գործընկերներից մեկը, և «Ծառուկյան» խմբակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շուտափույթ ապաքինում են մաղթում Վարդան Բոստանջյանին: Հորդորում եմ լրատվամիջոցների իմ հարգելի գործընկերներին այլ ենթատեքստեր չփնտրել», - գրել է պատգամավորը իր ֆեյսբուքյան էջում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը