25 07 2018

Հայ-ռուսական հարաբերությունները վտանգվում են. «Հայոց աշխարհ»

Հայ-ռուսական հարաբերությունները վտանգվում են. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Երբ Սիրիայի շուրջ ռուս-ամերիկյան վերջին պայմանավորվածություններից հետո ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը կանխատեսում է մերձավորարևելյան քաոսի տեղափոխումը Սև ծովին հարող տարածաշրջաններ, մեզանում քաոսային զարգացումներ են արձանագրվում առայժմ ոչ թե մեր սահմանների երկայնքով, այլ երկրի ներսում։

Իշխանության տարբեր օղակները ներկայացնող պաշտոնյաները հաջորդաբար հանդես են գալիս հակադիր հայտարարություններով, իսկ նրանց խոսքերին հետևող մամուլն էլ ավելի է մեծացնում խառնաշփոթը։ Բայց եթե ներքին առումով դա բացատրվում է նոր իշխանության քաղաքական թիմի անփորձությամբ, ապա վտանգված տարածաշրջանում գտնվող երկրի արտաքին քաղաքականության սայթաքումները կարող են ծանր հետևանքներ ունենալ։

Մինչդեռ եթե հետևենք վերջին մեկ շաբաթվա ընթացքում արտաքին քաղաքական հնչեղություն ունեցող նույն հարցի վերաբերյալ տարբեր մակարդակի մեր պաշտոնյաների հայտարարություններին, ապա կտեսնենք, որ նրանք ավելի շուտ առաջնորդվում են սեփական ինտուիցիայով, քան իրենց պաշտոնեական դիրքից բխող գործառույթների իրականացմամբ։

Այսպես. Փանիկում օրերս միջադեպ է տեղի ունեցել ռուսական 102-րդ ռազմակայանի զինվորականների ու գյուղացիների միջև, որը արագորեն հարթվել է, իսկ վերջում էլ ավարտվել սովորական «ուտուշ-խմուշով»։ Քաղաքական ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս ամենը երկու դաշնակից ու բարեկամ երկրների հարաբերություններում, որոնք հազարավոր թելերով կապված են միմյանց հետ։

Առողջ տրամաբանության առումով նույնիսկ ավելորդ է հարցի լուրջ քննարկումը, բայց եթե հետևում ենք դրանից հետո Փանիկի շուրջ ծավալված զարգացումներին, ապա ակնհայտ է դառնում, որ մենք գործ ունենք քարոզչական շահարկումների երկու զուգահեռ գործընթացի հետ։

Դրանցից առաջինը ծավալվում է իշխանության դաշտում, որտեղ այդ միջադեպն ու նրա հնարավոր հետևանքները արժանանում են առնվազն 4-5 հակադիր գնահատականի։

Երկրորդը ծավալվում է հայաստանյան լրատվամիջոցներում, առաջին հերթին ֆեյսբուքում, ուր տեղի ունեցածը օգտագործվում է հստակորեն առաջադրված խնդրի, այն է՝ հայ-ռուսական հարաբերություններում պրոբլեմներ ստեղծելու համար։

Հիշենք անցած օրերին այս հարցի հետ կապված ԱԱԾ պետի, պաշտպանության նախարարի ու վարչապետի գնահատականները, դրանք համեմատենք արված եզրակացությունների հետ, որոնք նույնպես լեցուն են հակասություններով։

Այսպես. Փանիկ մեկնած պաշտպանության նախարարը հուլիսի 22-ին հայտարարել էր, որ չի բացառվում Հայաստանի տարածքում գտնվող Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը։ Թե ի՞նչ կապ ունի Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի հարցը Փանիկում տեղի ունեցածի հետ, որը, պաշտպանության նախարարի կարծիքով, կարող է խթանել այդ փոփոխությունները, անհայտ է մնում։

Բայց մինչ այդ արդեն ռուսական ու ադրբեջանական լրատվամիջոցները մեկ օրվա ընթացքում հասցրին քանիցս իրենց նպատակների համար օգտագործելով՝ շահարկել պաշտպանության նախարարի «սենսացիոն հայտարարությունը»։ Իսկ ոչ անհայտ ադրբեջանական «Հաքքին ազը» Դ.Տոնոյանի հայտարարությունից հետո ուրախությամբ ազդարարեց. «Երևանը խզում է դաշինքը Ռուսաստանի հետ»։

Բայց ահա նախօրեին պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ճշտելով իր վերադասի խոսքերը, ռուսական «ՌԻԱ նովոստիին» հայտնեց. «Նախարարը նկատի է ունեցել ռուսաստանյան 102-րդ ռազմական հենակետի թեմատիկան և խոսել է ոչ թե վերանայման, այլ մեկ այլ համաձայնագրի տեխնիկական կետերի լրացման մասին։ Սահմանապահ զորքերի վերաբերյալ ընդհանրապես խոսք չի եղել»։

Եվ ի՞նչ, ռուսները դրանից թեթևացած շունչ քաշեցի՞ն։ Դժվար է ասել, քանի որ վերջերս մերոնց հասկանալը խիստ դժվար է դարձել։ Իսկ ահա ադրբեջանական նույն կայքի արձագանքը այս անգամ տխուր էր. «Ռուսաստանյան զորքերը մնալու են Հայաստանում»։

Այնպես որ մեր պաշտոնյաների անպատասխանատու կեցվածքի հետևանքով հայտնվել էինք կատարյալ տեղեկատվական քաոսի մեջ, որովհետև նման լուրջ հարցերի շուրջ հակասական հայտարարությունները խառնաշփոթ էին ստեղծել մեր ու մեր դաշնակիցների ու թշնամիների ուղեղներում։

Բայց սա դեռ ոչինչ, քանի որ Հայաստանի իշխանության տարբեր օղակներում գոյություն ունեցող քաոսին զուգահեռ, մեր լրատվամիջոցներում սկսել է ծավալվել Հայաստանում գտնվող ռուսական ռազմական հենակետի, սահմանապահ զորքերի ու ռուսական կապիտալով աշխատող ձեռնարկությունների դեմ ուղղված միանգամայն մտածված ու հաշվարկված քարոզարշավ։ Դրա հեղինակները Փանիկում մի քանի բաժակ ավել խմելու պատճառով՝ ռուսական ռազմական հենակետն ու սահմանապահներին թերևս միմյանց հետ շփոթած մեր պաշտոնյաները չեն։

Դրանք իրականում միանգամայն գիտակցված հայ-ռուսական հարաբերությունները փչացնող և օբյեկտիվորեն՝ ադրբեջանական «Հաքքին ազի» «Երևանը խզում է դաշինքը Ռուսաստանի հետ» երազանքի իրականացմանը նպաստող պրոֆեսիոնալ սադրիչներ են։ Քանզի երբ ոչ անհայտ Արթուր Սաքունցը այսօր լուրջ դեմքով պնդում է, որ Փանիկում տեղի ունեցածը ահաբեկչական ակտ էր, ապա նա օբյեկտիվորեն նպաստում է Ադրբեջանի պետական քարոզչության թիվ մեկ խնդիրը դարձած հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու գործին։

Թերևս նույն նպատակով ներկայումս հորինվում է նաև քննարկումների մեկ այլ հարց՝ ռուս սահմանապահների կողմից իբր մեղրեցիների առջև արհեստական արգելքներ ստեղծելու և բերքահավաքին խանգարելու խնդիրը։ Այսինքն՝ Շիրակից հարցը տեղափոխվում է Զանգեզուրի հարավ, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե ռուս սահմանապահները զբաղված են ոչ թե Հայաստանի պետական սահմանների պաշտպանությամբ, այլ մեղրեցիներին իրենց այգիներից ու բոստաններից հեռու պահելով։

Քննարկումների մեկ այլ հարթակ է դառնում «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության վագոնների ու էլեկտրագնացքների տարիքի և նրանց սպասարկման ժամկետները լրացած լինելու հարցը, որը արհեստականորեն քաղաքականացնելու միջոցով տեղափոխվում է հակառուսական ընդհանուր արշավի հուն։

Այս առանձին-առանձին ու թվում է՝ աննշան հարցերի շուրջ ներկայումս ստեղծվող քարոզչական աղմուկը հստակորեն ուղղված է մի նպատակի՝ հայ-ռուսական հարաբերություններում նորանոր պրոբլեմներ հորինելուն»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ» թերթում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ