Ռուսաստանյան մասնագետներն ուսումնասիրում են Հայաստանի երկաթուղու պոտենցիալ վտանգավոր հատվածները՝ ջրհեղեղների կրկնության դեպքում նոր ավերածությունները կանխելու համար, մամուլի ասուլիսում ասաց Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։
Նա նշեց, որ որոշ հատվածներում երկաթուղային ենթակառուցվածքները, թեև չեն քանդվել, սակայն ենթարկվել են ջրի ինտենսիվ ազդեցության: Այդ վայրերը նույնպես հսկողության տակ են, այնտեղ ամրաշինական աշխատանքներ են իրականացվում։
«Ներկայումս այստեղ են գտնվում «Ռոսժելդորպրոյեկտ» նախագծային ինստիտուտի ռուսաստանյան մասնագետները, ովքեր ուսումնասիրում են տեղամասերը։ Գետի ափերի ամրապնդման հետ կապված հետագա աշխատանքի վերաբերյալ կկայացվի նախագծային որոշում»,-ասաց Մելնիկովը։
Նա հայտնեց, որ վերականգնողական աշխատանքների ընթացքում երկաթուղայինները ստիպված են եղել մի քանի տեղամասերում իրականացնել հունի մաքրում, ընդլայնում՝ խուսափելու իրավիճակի կրկնության ռիսկերից:
Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևները հեղեղել են Հայաստանի հյուսիսային՝ Աղստև և Դեբեդ գետերը։ Հեղեղման գոտում են հայտնվել Ալավերդի քաղաքի մի մասը, ինչպես նաև մի քանի գյուղեր։ Զոհվել է 4 մարդ, շուրջ 300-ը տարհանվել են, զգալիորեն վնասվել են տներ ու ենթակառուցվածքներ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը