ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահները ստորագրահավաք են սկսել, որպեսզի նամակով դիմեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հաղորդվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) պաշտոնական կայքում:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ կազմակերպության անդամները ԱՄՆ և Հայաստանի ղեկավարների հանդիպման հույս ունեն ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի է ունենալու սեպտեմբերին Նյու Յորքում: Այս հանդիպումը կարող է հանգեցնել ամերիկա-հայկական երկխոսությանը և Հայաստանի հետագա միջազգային տնտեսական ինտեգրացիայի ընդլայնմանը, ինչպես նաև երկկողմ առևտրի ու ներդրումների աճին:
«Մենք ոգևորված ենք Հայաստանի նոր կառավարության հետ ԱՄՆ համագործակցության ամրապնդման բոլոր նոր հնարավորություններով և Կոնգրեսի մեր բարեկամներին ենք միանում երկկողմ կապերի ակտիվ ամրապնդմանը վարչակազմի աջակցության հարցում՝ փոխշահավետ տնտեսական հարաբերությունների կայուն զարգացման հիմնական շեշտադրմամբ»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
ANCA-ն ներկայացրել է նաև իր հիմնական առաջնահերթ ուղղությունները, որոնք վերաբերում են 2 երկրների տնտեսական քաղաքականությանը՝ 140 մլն դոլարի դրամաշնորհ գիտության, տեխնոլոգիաների, ինժեներիայի, արվեստի և Հայաստանի հանրակրթական դպրոցներում մաթեմատիկայի զարգացման համար, հարկման համակարգի վերաբերյալ ժամանակակից պայմանագիր, որը կվերացնի կրկնակի հարկումը և ֆինանսական թափանցիկություն կապահովի, սոցիալական ապահովության համաձայնագիր՝ քաղաքացիների շահույթի պաշտպանության համար, որոնք աշխատում է ե՛ւ ԱՄՆ-ում, ե՛ւ Հայաստանում, շուրջօրյա կոմերցիոն և բեռնատար թռիչքներ Լոս Անջելեսից Հայաստան, արդեն գոյություն ունեցող առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի ակտիվության մեծացում:
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով համանախագահներ Ֆրենք Փալոնեն, Ջեքի Սփիերը, Դևիդ Թրոթը, Դևիդ Վալադաոն, ինչպես նաև տեղակալներ Գուս Բիրիլակիսը և Ադամ Շիֆը, իրենց հերթին, գործընկերներին հղած նամակում, մասնավորապես, նշել են, որ խորհրդարանի կողմից վարչապետի պաշտոնում իր ընտրվելու պահից Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է եղել Հայաստանի խնդիրների լուծմանը ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում: «Անկասկած, նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև զրույցը՝ տնտեսական զարգացման, անվտանգության և ժողովրդավարության շեշտադրմամբ, չափազանց կարևոր է մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության կայուն առանցքի ձևավորման համար»,- գործընկերներին հղած իրենց գրավոր ուղերձում նշել են կոմիտեի ղեկավարները:
ANCA-ն նույնպես հրապարակել է ԱՄՆ նախագահին հղած նամակի տեքստը, որում կոնգրեսականները նրան կոչ են անում ԱՄՆ-ում ՄԱԿ ԳԱ 72-րդ նստաշրջանի ընթացքում հանդիպել Հայաստանի վարչապետի հետ: Կոնգրեսականները Թրամփին են դիմում նաև 2 երկրների կառավարությունների միջև բարձր մակարդակով հանդիպման անցկացման առաջարկով:
Կոնգրեսականների կարծիքով՝ այդ հանդիպումները կօգնեն երկրների միջև կամուրջ կառուցելուն, որը կբերի Հայաստանի ներգրավմանը միջազգային համակարգին և երկկողմ առևտրային կապերի ամրապնդմանը:
«Մենք հավատում ենք, որ Հայաստանում թավշյա հեղափոխության ժամանակ տեղի ունեցած խաղաղ ցույցերը մոդել կդառնան ժողովրդավարության ձգտող բոլոր ժողովուդների համար»,- նշված է նամակում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական հաղորդմանը տված հարցազրույցում hայտնել է, որ Փաշինյան-Թրամփ հանդիպման հարցն Պետքարտուղարության գործընկերների հետ քննարկման օրակարգում է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը