ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական հաղորդմանը տված հարցազրույցում հայտնել է, որ Փաշինյան-Թրամփ հանդիպման հարցն Պետքարտուղարության գործընկերների հետ քննարկման օրակարգում է:
«Պետքարտուղարության մեր գործընկերների հետ քննարկում ենք վարչապետ Փաշինյան-նախագահ Թրամփ հանդիպման անցկացման հնարավորությունները սեղմ ժամկետներում և այդ հարցը օրակարգային է»,- ասել է դեսպանը:
Նա անդրադարձել է այն դիտարկմանը, թե ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ԱՄՆ այցի ընթացքում դեմոկրատ կոնգրեսականներին խնդրել է կազմակերպել հանրապետական նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի հանդիպումը: Գրիգոր Հովհաննիսյանը նշեց, որ դրանք կեղծ լուրեր են, ապատեղեկատվություն:
«Ասեմ, որ Արարատ Միրզոյանը հանդիպել է թե՛ դեմոկրատներին, թե՛ հանրապետականներին: Նրանք հանդիպումների ժամանակ տեղեկացրեցին, որ նման դեմարշ պետք է անեն, մի բան, որ նախկինում էլ արվել է: Այսինքն՝ օրենսդիրը դիմում է նախագահական աշխատակազմ՝ քաջալերելով նման հանդիպման անցկացումը: Կեղծ մեկնաբանումն այստեղ անթույլատրելի է: Նախաձեռնությունը գալիս է կոնգրեսականներից»,- շեշտել է դեսպանը:
Ի պատասխան այն դիտարկմանը, թե Արարատ Միրզոյանի ԱՄՆ կատարած այցից հետո որոշվել է արգելափակել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հնարավոր մուտքը Հայաստան, դեսպանը հայտնել է, որ որոշումը կայացվել է Արարատ Միրզոյանի ԱՄՆ կատարած այցից առաջ:
«Որոշումն ընդունվել է անսպասելի՝ հուլիսի սկզբին: Ասեմ, որ այն անսպասելի էր թե՛ մեր, թե՛ Պետքարտուղարության մեր գործընկերների համար: Որոշումն ընդունվել էր առաջին փոխվարչապետի այցից մոտ երկու շաբաթ առաջ, որևէ կապ չունի իր այցելության արդյունքների հետ»,- ասել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը