19 07 2018

Արփինե Հովհաննիսյանը պարզաբանել է իր ասածը և ներում հայցել

Արփինե Հովհաննիսյանը պարզաբանել է իր ասածը և ներում հայցել

«Իրազեկ քաղաքացի միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հրապարակել է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին նվիրված խորհրդարանական քննարկման ժամանակ իր ելույթի տեսանյութը, որում լսվում է, թե ինչպես է ելույթի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասում. «Էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»։ 

Այս հարցի հետ կապված՝ Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` նշելով, որ խոսքը, ըստ ամենայնի, իր մասին է. «Ազգային ժողովի փոխնախագահը երևի չէր պատկերացնում, որ ուղիղ եթերում է: Բայց սյուռն այն է, որ այդ հանդիպումից հետո Արփինեն ինձ շատ ընկերական ոճով պատմում էր, թե ինչ լավ է վերաբերվում ինձ: Ակնկալում եմ հրապարակային ներողություն կամ պարզաբանում (եթե խոսքերն ինձ չէին ուղղված)»,- գրել է նա։

Ավելի ուշ Հովհաննիսյանը սոցիալական կայքում արձագանքել է գրառմանը. «Խոսքերս իրականում վերաբերում էին քննարկման ընթացքում ստեղծված անհասկանալի իրավիճակին (պարզ չէր՝ ի վերջո ինչի մասին է քննարկումը), և որը իրականում հիշեցնում էր նկարագրածս երևույթը (գուցե անհաջող եմ ձևակերպել)։ Եթե հասկացվել է անձնավորված, ցավում եմ և բնականաբար հայցում ներողամտություն։ Ավելորդ լարվածություն ստեղծելու կարիք չկա։ Այո, համարել եմ ու համարում եմ, որ Դանիելի հետ լավ հարաբերություններ ունենք»,- գրել է ԱԺ փոխնախագահը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ