ԱՄՆ կառավարությունը դիտարկում է, թե ինչ միջոցներով ու ճանապարհով կարող է աջակցել ՀՀ կառավարությանը: Այս մասին հուլիսի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
«Դիտարկում ենք հնարավոր ուղիները, և դա կարող է ներառել ֆինանսավորման ծավալների ավելացում, որը աջակցության տեսքով հատկացվում է Հայաստանին՝ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ այլ պետական կառույցների կողմից»,- ասաց նա:
Դեսպանը վաղ է համարում խոշոր ներդրումների մասին խոսելը: Նրա գնահատմամբ՝ կոռուպցիան և բոլոր տնտեսավարողների համար հավասար պայմանների ապահովումը ներդրումների ճանապարհին խոչընդոտ էր: Միևնույն ժամանակ նա ողջունեց կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ կառավարության ներկայիս գործողությունները:
«Կոռուպցիան և բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմանների ապահովումը ներդրումների ճանապարհին խոչընդոտ էր: Եվ կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքները, խաղի հավասար կանոնների ապահովումը շատ ողջունելի են Միացյալ Նահանգների ներդրողների համայնքի կողմից: Բայց կարծում եմ՝ դեռևս վաղ է նոր խոշոր ներդրումների մասին հայտարարելը կամ Հայաստանում դրանք սկսելը:
Մենք Միացյալ Նահանգների գործարար համայնքի կողմից շատ հարցումներ ենք ստանում այստեղ առկա հնարավորությունների մասին, հետաքրրքություն կա: Ներդրողները ցանկանում են տեսնել՝ արդյոք կառավարությունը հետամո՞ւտ է լինելու կոռուպցիայի դեմ ուղղված քայլերին, արդյոք քննությունները, որոնք սկսվել են, ինչպես են դրանց ընթացքն ապահովվելու, դրանց համապատասխանությունն օրենքին և իրավունքի պահանջներին»,- ասաց Ռիչարդ Միլսը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը