12 07 2018

Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումները. Օր 2

Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումները. Օր 2

Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան աշխատանքային այցը: Հուլիսի 11-ին նա հանդիպել էր «Կարնեգի» հետազոտական կենտրոնի փորձագետների, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: 

Աշխատանքային այցի երկրորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բրյուսելի գեղարվեստի և պատմության թագավորական թանգարան, որտեղ նրան դիմավորել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը: Վերջինս ողջույնի խոսքով դիմել է ՆԱՏՕ-ի դաշնակից և գործընկեր պետությունների ու կառավարությունների ղեկավարներին: ՀՀ վարչապետը մասնակցել է ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընթրիքին, hանդիպել է Լատվիայի Հանրապետության նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ:

Լատվիայի նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տնտեսական ոլորտում փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին: Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների ճանապարհին Լատվիայի հետ փորձի փոխանակումը: «Հուսով ենք, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական իրադարձությունները կնպաստեն տարածաշրջանում կայունության ապահովմանը և խաղաղության հաստատմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Լատվիայի Նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին ընտրվելու կապակցությամբ և նշել, որ Լատվիայում մոտիկից հետևել են Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին և բարձր գնահատել այն հանգամանքը, որ գործընթացը կրել է խաղաղ և ժողովրդավարական բնույթ։ Ռայմոնդս Վեյոնիսն կարևորել է Լատվիայի հայ համայնքի դերը երկրի մշակութային և տնտեսական կյանքում, և նշել, որ այն հանդիսանում է լատվիական հասարակության արժեքավոր և անբաժանելի մասը:

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարության քայլերն ուղղված են ժողովրդավարության ամրապնդմանր, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների առաջ մղմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, անկախ դատական համակարգի կայացմանը: Գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ ՀՀ իշխանությունները մտադիր են անցկացնել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ և հավելել, որ Հայաստանը Լատվիային ընդունում է որպես բարեկամ պետություն և հույսով է, որ հայաստանյան ժողովրդավարական փոփոխություններն ավելի մոտ կդարձնեն երկու երկրները: Զրուցակիցները կարևորել են նաև համագործակցությունը ՀՀ-ԵՄ փոխգործակցության, մասնավորապես, Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի շրջանակում: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել լատվիական կողմին՝ վերը նշված համաձայնագիրն առաջիններից մեկը վավերացնելու համար:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարները՝ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունների համատեքստում: Ժան-Կլոդ Յունկերը նշել է, որ հայաստանյան զարգացումների խաղաղ ու ժողովրդավարական բնույթը ոգևորել է իրենց և պատրաստակամություն հայտնել շարունակաբար աջակցելու մեր երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացին:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախորդ բոլոր տարիներին ցուցաբերված աջակցության համար և հավաստիացրել, որ այսուհետ ԵՄ թե՛ ինստիտուցինոլ, թե՛ ֆինանսական և թե՛ խորհրդատվական աջակցությունը կօգտագործվի առավել նպատակային: «Հայաստանում արդեն շուրջ երկու ամիս տևող հակակոռուպցիոն պայքարի շարունակականությունը մեր կառավարության հիմնական գերակայություններից է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած հանդիպմանը ՀՀ վարչապետը նշել է, որ նոր կառավարության նպատակն է ամրապնդել ժողովրդավարության հաղթանակը, ապահովել երկրում օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, և որ այս ճանապարհին Հայաստանը կարևորում է ԵՄ աջակցությունը և պատրաստ է վերջինիս հետ սերտ համագործակցության:

Դոնալդ Տուսկը կարևորել է ՀՀ-ԵՄ համագործակցության ծավալների ընդլայնումը և ողջունել Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած համազգային միավորումը: «Ես միշտ եղել եմ Հայաստանի բարեկամը: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում՝ յուրահատուկ էր և, ասեմ Ձեզ, շատ եվրոպական: Ձեր օրինակը շատ խոստումնալից էր և կարող եք ակնկալել Եվրոպական միության աջակցությունը բարեփոխումները կյանքի կոչելու ճանապարհին»,- ասել է Դոնալդ Տուսկը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված տարբեր հարցերի շուրջ: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո իրականացվող բանակցային գործընթացին և ընդգծել, որ հակամարտությունը ռազմական տարբերակով լուծելու յուրաքանչյուր փորձ կլինի ոտնձգություն տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների դեմ: «Հայաստանը, ինչպես ցանկացած այլ ժողովրդավարական երկիր, ձգտում է խաղաղության և անում է ամենը տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ