11 07 2018

Փաշինյանը հանդիպել է Մակրոնի և Մոգերինիի հետ

Փաշինյանը հանդիպել է Մակրոնի և Մոգերինիի հետ

Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ:Վարչապետը նախ շնորհավորել է Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային հավաքականի՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ և ֆրանսիական թիմին մաղթել հաջողություններ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես գնահատում է Ֆրանսիայի հետ ձևավորված առանձնաշնորհյալ հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների ավանդական բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա։ 

«Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը։ Հանձնառու ենք այն ամենաբարձր մակարդակով կազմակերպելուն։ Շնորհակալ ենք Ֆրանսիային նախապատրաստական աշխատանքներում ցուցաբերվող աջակցության համար»,- ասել է ՀՀ վարչապետը՝ ավելացնելով, որ գագաթնաժողովի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվելու նաև տնտեսական բաղադրիչին. նախատեսվում է անցկացնել ֆրանկոֆոն երկրների գործարարների և գործատուների բիզնես ֆորում և այդ ֆորումի արդյունքում ստեղծել ֆրանկոֆոն երկրների գործարարների ցանց: Վարչապետը հավելել է, որ Հայաստանում գործարարության համար ստեղծված են հավասար պայմաններ և համոզմունք հայտնել, որ նոր պայմաններում նոր խթան կստանան նաև հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան և մասնակցությունը գագաթնաժողովին այդ կարևոր միջոցառումն առավել հնչեղ կդարձնի թե՛ Հայաստանի և թե՛ ողջ ֆրանկոֆոն համայնքի համար։ 

Էմանուել Մակրոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և կարևորել մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունների խաղաղ, ժողովրդավարական ճանապարհով հանգուցալուծումը: Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է շարունակել բարեկամ Հայաստանի հետ սերտ համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը՝ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական: Էմանուել Մակրոնը վստահություն է հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Երևանում կանցկացվի բարձր մակարդակով և հույս է հայտնել, որ Հայաստան կատարելիք այցի ընթացքում հնարավորություն կլինի առավել առարկայական քննարկել հայ-ֆրանսիական կապերի հետագա խորացմանն ու ամրապնդմանն ուղղված հարցերն ու նախագծերը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ղարաբաղյան հակամարտությանը և կարևորել դրա կարգավորումը խաղաղ բանակցային գործընթացի միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում: 

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել համանախագահ երկրների, այդ թվում Ֆրանսիայի ջանքերը՝ ուղղված Արցախի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին և հավելել, որ հիմնախնդրի կարգավորման ցանկացած ռազմական փորձ պետք է դիտարկել որպես ոտնձգություն ժողովրդավարության և մարդու իրավունքների դեմ:

Մակրոնի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը մեկնել է Եվրոպական հանձնաժողովի Բառլեմոն շենք, որտեղ տեղի է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպումը, որին ներկա են եղել նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը և վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը։

Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպումից հետո Փաշինյանը մեկնել է «Cinquantenaire» համալիր, ուր ժամանել են նաև մյուս պատվիրակությունների ղեկավարները։

Սա այսօր ՀՀ վարչապետի վերջին հանդիպումն էր, աշխատանքային այցը կշարունակվի նաև հուլիսի 12-ին և 13-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ