10 07 2018

Ընտրական օրենսգրքի շուրջ հերթական քննարկումը անցավ թեժ մթնոլորտում

Ընտրական օրենսգրքի շուրջ հերթական քննարկումը անցավ թեժ մթնոլորտում

Հուլիսի 10-ին Ազգային ժողովում նորից քննարկվում էր Ընտրական օրենսգիրքը: Այս անգամ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի նիստին միացել էին նաև Կառավարության աշխատանքային խմբի անդամները, ովքեր, սակայն, հայտարարեցին, թե ԱԺ-ի հետ համատեղ աշխատելու մտադրություն չունեն:

ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը, սակայն, նշեց, որ իրենք մտադիր չեն ԱԺ աշխատանքային խմբի հետ «բազարի» մեջ մտնել: Ըստ նրա՝ հանձնաժողովի դիրքորոշումն արդեն իսկ ձևավորված է, բայց հայեցակարգն ամբողջական տեսքի չի եկել, և կան հարցեր, որոնք դեռ պետք է քննարկվեն, հստակեցվեն իրենց դիրքորոշումները:

«Ես պատրաստ եմ լսել, այստեղ հնչեցված գաղափարները նույնիսկ հանձնաժողովը քննարկել է, դրանք անգամ ամրագրվել են հայեցակարգի նախագծում, բայց չեմ պատկերացնում քաղաքական այս հանձնաժողովի և մասնագիտական մեր հանձնաժողովի աշխատանքը համատեղելը: Մենք այստեղ չենք գալու «բազար անելու», ուզում ենք լսենք առաջարկություններ, և դրանք քննարկել մասնագիտական ֆորմատով»,-ասաց նա:

Արմեն Ռուստամյանն արձագանքեց, թե ի՞նչ է, իրենք այստեղ բազա՞ր են անում:

«Ծառուկյան» խմբակցությունը ներկայացնող Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ թե´ իրենց խումբը և թե´ Կառավարության հանձնախումբը հանդիպել են Վենետիկի հանձնաժողովին, և վստահ է, որ երկուսին էլ նույն բանն է ասվել՝ իրենց համար ընդունելի է այն տարբերակը, որը կընդունվի քաղաքական կոնսեսուսի դեպքում:

«Հասկանալի է, որ դուք ընդունում եք բոլոր հպարտ քաղաքացիների առաջարկները, բայց Վենետիկի հանձնաժողովը չի ասել Վարդուշի առաջարկը պետք է համահունչ լինի Վենետիկի հանձնաժողովին»,-ասաց նա և նշեց, թե ո՞վ է ԸՕ-ի մշակման համար ավելի բարձր մասնագետ, քան այստեղ ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները և ասաց, որ իրենք ուզում են ընդամենը համատեղել աշխատանքը:

ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը նշեց, թե տարածված մոլորություն է, որ քաղաքացիական հասարակությունը պետք է կառավարի պետությունը:

«Եթե դուք պնդում եք՝ մասնագիտական հանձնաժողով եք, այդ դեպքում ո՞վ է շարադրել պատվերը»,-հարցրեց նա:

Կառավարության հանձնախմբի ներկայացուցիչը նշեց, թե պատվեր պետք չէ իջեցնել, իրենք աշխատում են ներառական ձևով, և ոչ թե այնպես, ինչպես արվում էր նախկինում՝ գաղտնի: ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարն ավելացրեց, որ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են ՀՀ արդարադատության նախարարը, ԿԸՀ երկու անդամներ, ինչպես նաև ընտրությունների ժամանակ իրական դիտորդություն իրականացրած մարդիկ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ