ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյաը Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանել է «Միջազգային Եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինի այն հայտարարությունը, թե ԼՂ հիմնահարցի բանակցային գործընթացում գոյություն է ունեցել «հինգ շրջանների» փոխանցման մասին պայմանագիր:
Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև․
- Պարո՛ն Նալբանդյան, «Միջազգային Եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինն իր հարցազրույցում, մասնավորապես նշել էր. «Հինգ շրջանների փոխանցման մասին պայմանագիրը գոյություն ունի: Այն քննարկվել է մեր երեք պետությունների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների կողմից»: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այս առնչությամբ։
- Այդ ինֆորմացիան բացարձակ չի համապատասխանում իրականությանը։ Վերջին տարիների բանակցային գործընթացի բոլոր փուլերի գլխավոր բաղադրիչ է հանդիսացել այն, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պարտադիր միջազգային իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։ Մնացած տարրերն ածանցյալ են։ Հայաստանն այս տարիների ընթացքում բազմիցս է հայտարարել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման իրացման և անվտանգության երաշխավորման հիման վրա հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Այլ կարգի մտավարժանքները, մեկնաբանությունները ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլ ուղղակի անհեթեթություն են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը