Հետհեղափոխական շրջանը գնալով ավելի ու ավելի է հետաքրքրանում՝ բացահայտելով ոչ միայն մեծ ու փոքր հանցագործություններ, այլ նաև բարոյական հարթությունում այնպիսի վայրիվերումներ որ հասարակությունը չի էլ հասցնում այդ ամենն ընկալել ինչպես որ կա իրականում: Բայց դրա հետ մեկտեղ, անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ կարևոր այլ հարցերի ևս, որոնք պահանջում են առանց էմոցիաների դիտարկում և արձագանք:
Մայիսի 30-ին ՀՀ վարչապետը պաշտոնական այցով մեկնեց Վրաստան: Անկեղծ մթնոլորտում քննարկեցին երկու երկրների հարաբերությունները, քննարկեցին բազմաբնույթ հարցեր՝ տուրիզմ, մշակույթ, գյուղատնտեսություն և այլն, նոր թափով առաջխաղացման ուղիներ մտածեցին, խոստացան զարգացնել այդ հարաբերությունները: 10 օր հետո հրաժարական տվեց Վրաստանի վարչապետը ու, բնականաբար, նրա հետ միասին՝ ամբողջ կառավարությունը:
Հիմա հարց. կարո՞ղ էր ՀՀ կառավարության միջին կարգի վերլուծաբանը Վրաստանի ցույցերից, օրեցօր զարգացող իրավիճակից նման «թավշյա կանխատեսում» անել: Միանգամայն հնարավոր էր: Շատերն էին դա կանխատեսում այն ժամանակ, ի միջի այլոց: Կամ, եթե վերլուծելու ժամանակ և հավես չկար, կարելի էր գոնե հետաձգել այցը, մինչև տեսնեինք Կվիրիկաշվիլու գլխի գալիքը: 2017թ. նոյեմբերի 30-ին, երբ նույն Կվիրիկաշվիլու այցը Հայաստան հետաձգվեց, հայ-վրացական հարաբերությունները բոլորովին չտուժեցին: ՀՀ նոր կառավարության հապճեպության արդյունքում այցի արդյունավետությունը հավասարեցվեց զրոյի: Եկել է նոր վարչապետ, հավաքում է իր թիմը, ու եթե անգամ նախորդ կադրերից շատերը մնան իրենց աշխատանքին, միևնույն է՝ անհրաժեշտություն կլինի գնալ նույն բաների հետևից...
ԿԳՆ-«Այբ» դպրոց ամենօրյա «փոխհրաձգությունը» հերթական վառ օրինակն է: Նախարարը հարցազրույցում որակեց շռայլ ու ոչ անհրաժեշտ կրթություն, որի համար բյուջեից հսկայական գումար է անօգուտ հատկացվում: Խոստացավ աուդիտ անել և յուրացումներ բացահայտել: Աուդիտից 15 օր անց նախարարը «բացահայտեց», թե «Այբ»-ին փոխանցված 666 միլիոնից շուրջ 280 միլիոնը չի ծախսվել, ձևավորվել է որպես արդեն այս տարվա կանխավճար: Այսինքն, ոչ միայն չի յուրացվել, այլև տնտեսվե՞լ է: Կարո՞ղ էր նախարարն աուդիտ անցկացնել և նոր միայն հանդես գալ «մերկացնող» հայտարարությամբ: Մեկ այլ բան է, երբ որպես Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ ես հայտարարություն անում, այլ բան՝ երբ խոսում ես որպես ոլորտի թիվ 1 պատասխանատու, որի ամեն խոսքը պետք է լինի կշռադատված, գրեթե առանց սխալվելու իրավունքի:
Գիտության հանդեպ նվազ հոգածություն ունեցող մեր երկրում (գիտնականները միշտ դժգոհել են, որ Հայաստանի կառավարությունը չնչին ուշադրություն է դարձնում իրենց, ինչն աններելի է) բարձրագույն որակավորման հանձնաժողովի ղեկավար է նշանակվում մարդ, որից հետո ԿԳ նախարարն «Այբ»-ի աուդիտը, նախարարությունում կոռուպցիայի արմատախիլ անելն ու մյուս բոլոր գործերը թողած՝ սկսում է ֆեյսբուքում ու հրապարակային խոսքի մյուս հարթակներում համոզել, որ առաջին տպավորությունը վատն է, որ սխալ է մարդուն դատել՝ հենվելով համացանցում տարածված զավեշտալի նկարների վրա: Կառավարությունն արդյո՞ք ի զորու չէր նշանակել մեկին, որն այս չափի կասկած չէր հարուցի իր և իրեն պաշտոնով գեղեցկացնողի կոմպետենտության առումով: Կարծում ենք՝ կարող էր:
Մեկ այլ ցցուն օրինակ. Պետական վերահսկողական ծառայության պետը նախ ֆեյսբուքյան էջում քաղաքացիներից կարծիք է հարցնում, թե սկզբում որտե՞ղ ուսումնասիրություններ իրականացնել: Հնչում են տրամաբանական և դրանից հեռու բազմաթիվ առաջարկներ, և, կարծես, կողմնորոշվում է: Հետո Սփյուռքի նախարարը հայտարարում է նախորդի շռայլ ծախսերի՝ մեկ ուղղությամբ 1300 դրամով տաքսու երթևեկության և այլնի մասին, և Պետական վերահսկողական ծառայության պետը փոխում է ստուգման ուղղությունը՝ հայտարարելով, թե առաջին ստուգումը կլինի Սփյուռքի նախարարությունում: Օրեր անց ԱԱԾ-ն հայտնաբերում է հանցագործություն պատգամավոր Մանվել Գրիգորյանի արարքներում՝ ՊՆ-ից յուրացումների մասով: Պետական վերահսկողական ծառայության պետը ակնհայտ էմոցիոնալ վիճակում դարձյալ մտքափոխվում է՝ առաջին ստուգումը կլինի ՊՆ-ում: Կամ իրեն թույլ է տալիս ձերբակալվածի մասին «բորենի» արտահայտությունը: Մի կողմ թողնենք յուրաքանչյուրս ինչ կենդանու հետ ենք համեմատել Մանվել Գրիգորյանին՝ ԱԱԾ տեսանյութը դիտելիս, բայց վստահ ենք՝ քանի մենք ուզում ենք համարվել իրավական պետություն, որտեղ դեռ գործում է անմեղության կանխավարկածը, պաշտոնյան պարտավոր է արտահայտչամիջոցներ փնտրելիս լինել զուսպ: Սա էլ կոմպետենտության դեֆիցիտի ցցուն արտահայտում է:
Կառավարության առաջին նիստերից մեկում վարչապետը հանձնարարեց վերջ տալ տուգանելու մոլուցքին, հանձնարարականներ տվեց ոստիկանապետին՝ մեղմելու վարորդների նկատմամբ տեսանկարահանող սարքերով տեռորը: Շատերն ուրախացան, բայց շատերն էլ մտավախություն ունեին, որ դա կբերի անպատժելիության՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Արդեն հունիսի 15-ի նիստում վարչապետը զայրանում է, թե՝ «գոլդ» համարներով երթևեկողներն օրինախախտներ են, պետք է մանրադիտակով նայել նրանց, անպատժելիության մթնոլորտ է և այլն: Ոստիկանապետն էլ ավելացրեց, թե օրինազանցության պատճառը նախապես հայտարարված մեղմացուցիչ 8 կետն է, որը, որպես պատիժ, տուգանքը վերացնում է: Այսինքն՝ հապճեպ կայացվեց որոշում, որը բերեց անպատժելիության:
Կարելի էր, չէ՞, սկզբում քննարկել բոլոր սողանցքները, հնարավոր զարգացումները, մտածել տարբերակներ չտուգանելու, բայց և անպատժելիություն չստեղծելու մասին, ու նոր միայն հայտարարել տուգանքները որոշ մասով չեղարկելու մասին: Ոստիկանապետի վրա միշտ էլ կարող է առավել բարձր պաշտոն ունեցողը զայրանալ, իսկ «գոլդ» համարանիշ ունեցողը մեղավո՞ր է, որ «գեղեցկացնում է» իր ավտոմեքենան օրենքի սահմաններում բարձր պետտուրք վճարելու շնորհիվ: Նրա՞ն մեղադրել, թե՞ մյուսներին, որ որոշում կայացնելուց հետո են միայն վերլուծում:
Բոլոր ժամանակների առաջին դեմքերի աշխատանքային այցերն իրենից ներկայացնում են հիմնականում աշխատանքային օրակարգ, հանդիպումներ տարբեր գործիչների հետ, որը բնավ չի ենթադրում երկրի ղեկավարի ընտանիքի անդամների մասնակցություն: Ինչքան էլ Ռուսաստան այցն անվանենք այց դեպի մարզադաշտ՝ ֆուտբոլ դիտելու, մեր դեպքում այն աշխատանքային էր հայտարարված, իսկ այլ երկիրների ղեկավարները գնացել էին առանց տիկնանց (բացի Ադրբեջանից, որի ղեկավարին հաճախ են ուղեկցում կինն ու դուստրը՝ առանց առիթի, նույնիսկ ՄԱԿ-ի նիստին էին ներկա), նստել էին իրար կողքի՝ առաջին շարքում, և միայն մերոնք էին 3-րդում: Կամ Ղազախստանի նախագահի, ՀՀ և ՌԴ վարչապետի սեղանը գեղեցկացնում էր միմիայն ՀՀ վարչապետի կինը:
Ի միջի այլոց, հունիսի 4-ին ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ, տիկին Աննա Հակոբյանն անդրադառնում է առաջին տիկնոջ պարտականություններին՝ «ճամփորդական» տեսանկյունից՝ նշելով, որ առաջին տիկնանց որոշելիքը չէ, թե երբ ուղեկցեն պաշտոնական այցերի ժամանակ իրենց ամուսիններին, երբ՝ ոչ: Այ, օրինակ, Ռիտա Սարգսյանը, նրա խոսքով, ևս ուղեկցել է, ի տարբերություն Բելլա Քոչարյանի, ով իր անձնական որոշումով էր հրաժարվել ուղեկցել ամուսնուն:
Նախ նշենք, որ բոլոր առաջին տիկնայք միշտ են ուղեկցել նախագահներին, երբ դա նախատեսված է եղել արարողակարգով, այդ թվում՝ երկրորդ նախագահի տիկինը: Սակայն չկարողացանք մտաբերել դեպք, երբ առաջին տիկնոջ ներկայությունը հարցեր է առաջացրել: Արարողակարգն է կարգավորում նմանատիպ հարցերը՝ որ այցն ինչ պատվիրակություն է նախատեսում, ինչ տեսակի հանդիպումներ, հանդիպման նույնիսկ թեմաների սահմանումները, և որին հետևելու պարագայում հնարավորինս բացառվում են անհարմար իրավիճակները: Վատ չէր լինի, եթե նախկինում այցերի պատրվակով շրջագայությունների մեկնող ղեկավարներին քննադատած գործիչները հետևեին արարողակարգին: Կամ ո՞վ գիտե, գուցե նոր իշխանությունն իր հետ նոր արարողակա՞րգ է բերել…
Նմանատիպ երևույթներն արդեն դարձել են հաճախ կրկնվող և փաստում են պետական ապարատի նկատմամբ իշխանության ներկայացուցիչների խիստ մոտավոր պատկերացում ունենալը:
Ի՞նչ է երկիր ներկայացնելը, ի՞նչ է նշանակում բարձր լիազորություններով օժտված լինել և տալ հանձնարարականներ, և որքա՜ն կարևոր է այդ ամենում կոմպետենտությունը: Կոմպետենտությունը ցանկացած կառավարման համակարգում եղել է պաշտոնյայի՝ հաջողության հասնելու կարևոր հանգամանքը, իսկ երկրի դեպքում՝ նույնիսկ որոշիչը:
Սևակ Հակոբյան
Շարքի նախորդ հրապարակումները՝ հետևյալ հղումներում.
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը