18 06 2018

Անձեռնմխելի մարդիկ ունեցել են իրենց անձեռնմխելի տարածքները, որտեղ ոչ ոք մուտք չի ունեցել. Արմեն Ռուստամյան

Անձեռնմխելի մարդիկ ունեցել են իրենց անձեռնմխելի տարածքները, որտեղ ոչ ոք մուտք չի ունեցել. Արմեն Ռուստամյան

«Սա այն դեպքն է, որ մարդ չի կարողանում աչքի տեսածին հավատալ: Եթե ամեն ինչ այնպես է, ինչպես տեսանք, որևէ մեկնաբանության կարիք էլ չունի»,- անդրադառնալով ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներից հայտնաբերումներին՝ խորհրդարանում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Ավելի մեծ վտանգաներ եմ տեսնում այն առումով, որ ընդհանուր առմամբ ադրեբջանական համայնքն ինչպիսի հրճվանքի մեջ կընկնի, և կփորձի ներկայացնել, որ ժամանակին Մանվել Գրիգորյանը մեծ դերակատարում ունենալով՝ ազատագրել է տարածքներ, ու հիմա ինչպես պետք է ներկայացնի այդ ազատագրիչին: Եվ նրանք պետք է փորձեն վարկաբեկել հայ հերոսներին: Սա է իմ ամենամնեծ ցավը: Ես չեմ կարողանում հասկանալ, թե սա ինչպես պետք է մարսենք: Սա խայտառակություն է և ամոթ: Ես ցավ եմ ապրում: Եթե ասեմ՝ ցնցված եմ՝ քիչ է»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Ռուստամյանի խոսքով, կատարողներն առաջին հերթին պետք է պատասխան տան երեխաներին և բացատրեն, թե ինչո՞ւ նամակները, որոնք իրենց հասցեագրված չեն մինչև հիմա այնտեղ են:

Արմեն Ռուստամյանի խոսքով, զգացմունքային մասն իր տեղը, բայց օրինականությունն էլ պետք է պահպանվի և ամեն ինչ կատարվի օրենքի տառին և հոգուն հյամապատասխան: «Այս պահին անձեռնամխելիություն կա, կա նաև անմեղության կանխավարկած, որը պետք է նկատի ունենանք, քանի դեռ մեղքը չի ապացուցվել: Սա շատ մեծ հարված էր մեր անցած համատեղ գործունեությանը, հարաբերություններին, որ մենք ունեցել ենք այս դաշտում: Բայց մենք պետք է կարողանանք այնպես չանել, որ մեր թշնամիների կողմից սա ներկայացվի իրենց հաճելի լույսի տակ: Մեր ազատամարտի հաղթանակները ձեռք են բերվել մեր նվիրյալների և անձնազոհ մարդկանց շնորհիվ, որովհետև այլ կերպ հաղթանակներ ձեռք չեն բերվում: Պետք է սա նկատի ունենալով՝ թույլ չտանք , որ սև գիծ քաշեն շատ-շատերի կենսագրության վրա»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյանն ասաց, որ ՀՅԴ-ն վաղուց էր ահազանգում նման երևույթների մասին, մանավանդ երբ ապրիլյան պատերազմից հետո ՀՀ խորհրդարանում եղավ փակ հանդիպում: Պատգամավորները ներկայացրել էին զինծառայողների կենցաղային վիճակը, սնունդը, հագուստը՝ վիճակը համարելով խայտառակ: «Մենք պահածոների բանկա էինք բերել՝ ցույց տալու, թե սրանք ո՞նց կարելի է ուտել: Էդ պահածոները շատերն էին ասում, որ գցում են շների դեմը՝ չեն ուտում: Բայց պարզվում է, որ լավ պահածո էլ է եղել, որ բերանից կտրել-բերել են, բայց տեղ չի հասել: Այն ժամանակ սկսվեց կարգավորման գործընթաց, բայց շարունակություն չստացավ: Անձեռնմխելի մարդիկ ունեցել են իրենց անձեռնմխելի տարածքները, որտեղ ոչ ոք մուտք չի ունեցել»,- ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը՝ հավելելով, որ պետք է գործընթացը կանգ չառնի և հասնի իր վերջնական նպատակին:

Անդրադառնալով հանգամանքին, որ Մանվել Գրիգորյանն Արցախի հերոս է, Արմեն Ռուստամյանն ասաց. «Մենք էլի ունեցել ենք ազգայի հերոսներ, որ այս կամ այն պատճառներով հայտնվել են ճաղերի հետևում, բայց պետք չէ իրենց արածները նսեմացնենք: Մարդ պետք է իմանա, որ վատ արարքի համար պատասխան է տալու, լավի համար խրախուսվելու է»:

Արմեն Ռուստամյանն ասաց, որ քննիչների ձեռքերն ազատ են և կարող են գնալ մինչև վերջ ու տեսնել, թե ուր է տանում. «Ով էլ լինի, պետք է պատասխան տա էս ամբողջ ծավալով կատարվածի համար»:

Հիշեցնենք՝ ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում հայտնաբերվել է «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, հիգիենիկ պարագաներ, դեղորայք, զինվորական հանդերձանք: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռեւս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր։

Հանրապետության տասնյակ մանկապարտեզներից, դպրոցներից, համայնքներից զինվորներին ուղարկված սնունդ է հայտնաբերվել կամ պաշտպանության նախարարությանը մատակարարված «զինվորի համար» հատուկ գրությամբ մթերքներ, որոնք ենթակա չեն վաճառքի:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ