Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը եղել ու մնում է մեր արտաքին քաղաքականության, պետականության ու անվտանգության ողջ համակարգի առաջնահերթությունը: Այս մասին ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ռուսական Коммерсант-ին տված հարցազրույցում:
«Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու կարգավիճակը մեզ համար շարունակում են մնալ որպես կարևորագույն խնդիր: Լեռնային Ղարաբաղի 150-հազարանոց բնակչության անվտանգության հարցը միավորում ու կոնսոլիդացնում է Հայաստանի ու երկրի սահմաններից դուրս գտնվող հայկական հասարակությանը: Մենք խելամիտ մարդիկ ենք և ունենք հստակ հիմնավորումներ՝ առաջ քաշելու մեր առաջնահերթ անհանգստության հարցերը ԼՂ անվտանգության ու կարգավիճակի վերաբերյալ:
Մեզ պետք է տարածաշրջան, որն ապրում է խաղաղության մեջ, սակայն դա չպետք է լինի մեր մարդկանց անվտանգության հաշվին»,- նշել է Մնացականյանը՝ հավելելով, որ հայկական կողմը ցանկանում է շարունակել բանակցային գործընթացը հենց այդ շրջանակում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով: Զոհրաբ Մնացականյանը կարևորել է, որ բանակցություններն ընթանան խաղաղության տրամադրվածության մթնոլորտում. «Կարևոր է, թե ինչ մթնոլորտում են տեղի ունենում բանակցությունները՝ մթնոլորտում, որը նպաստում է խաղաղությանը, թե մթնոլորտում, որը նպաստում է ատելության ավելացմանը»:
Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին հնարավոր անդամակցության հարվին Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է. «Ադրբեջանն այն երկիրն է, որը շրջափակել է Հայաստանը, երկիրը միակողմանիորեն միջոցներ է ձեռնարկում ընդդեմ Հայաստանի: Բաքուն խոչնդոտում է փոխգործակցության ցանկացած գործընթաց, վստահության մթնոլորտի ստեղծումը, մարդկային շփումների հաստատումը: Մենք գործ ունենք մի երկրի հետ, որը ամեն կերպ նպաստում է ատելության մթնոլորտի առաջացմանը: ԵԱՏՄ-ն համագործակցության կազմակերպություն է, ի՞նչ եք մեզնից ակնկալում»:
Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ երկու երկրների միջև երկխոսության մակարդակում հրաշալի փոխըմբռնում կա. «Մենք բացարձակապես հստակ ենք եղել մեր ձևակերպումներում, որ, առաջին հերթին, արտաքին քաղաքական կուրսի կայունությունն ու հետևողականությունը անխախատ են մնում։ Այդ կուրսում Ռուսաստանի հետ հարաբերություններն ունեն հատուկ, վառ արտահայտված տեղ։ Մենք առաջ ենք շարժվում մեր հարաբերություններում հենց այդ ձևակերպման հիմքի վրա։
Մեր երկխոսությունն ԱՄՆ–ի հետ, հարաբերությունները ԵՄ–ի հետ, ամեն մեկն իր տեղն ունի։ Սակայն մենք ՌԴ–ի հետ գործընկերներ ենք, աշխատում ենք մեր անվտանգության համակարգերի համախմբման և զարգացման ուղղությամբ, Ռուսաստանի հետ ունենք ամենախորը համագործակցությունը։ Եվ որքան ամուր ենք կանգնած ոտքի վրա, ավելի վստահելի ու հուսալի գործընկերներ ենք մենք բոլոր նրանց համար, որոնց հետ ունենք գործընկերային հարաբերություններ։ Առաջին հերթին, սա վերաբերում է Ռուսաստանին։ Մենք ԱՄՆ–ի հետ ունենք մեր օրակարգը, ինչը բնական է՝ ինչպես Ռուսաստանն ու ցանկացած այլ երկիր»։
Հարցին՝ հնարավո՞ր է Հայաստանը ճանաչի Աբխազիայի ու Օսեթիայի անկախությունը, արտգործնախարարը պատասխանել է. «Մենք հակամարտությունների խաղաղ կարգավորման կողմնակից ենք: Մենք զերծ ենք մնացել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումից, քանի որ կողմ ենք բոլոր խնդիրների լուծմանը բանակցային գործընթացի միջոցով: Սա է մյուս բոլոր հարցերում մեր դիրքորոշման հիմքը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը