Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան լքել է հանրապետության մայրաքաղաքը։ Այս մասին հաստատել են հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ներկայումս Ասլան Բժանիան գտնվում է հայրենի Տամիշ գյուղում»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ նախագահը լքել է Ներքին գործերի նախարարության շենքը, որտեղից դիմել է համախոհներին։
Հիշեցնենք, որ երեկ Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում մարդիկ բողոքի ցույց են անցկացրել խորհրդարանի և նախագահական նստավայրի մոտ՝ ընդդեմ Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի կնքման։ Սկզբում ցուցարարները բեռնատարով կոտրել են խորհրդարանի շենքի դարպասներն ու ներխուժել, ապա շրջափակել են նախագահականը և կրկին կոտրել դարպասները: Ցուցարարները պահանջել են նախագահի անհապաղ հրաժարականը: Նրանք ձվեր ու շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, որոնք իրենց հերթին ծխային ռումբեր են օգտագործել։ Խորհրդարանի մոտ կրակոցներ են հնչել. բողոքի ակցիայի ժամանակ տուժել է ութ մարդ:
Առավոտյան ընդդիմության կոչով մարդիկ սկսել են հավաքվել խորհրդարանի մոտ։ Աբխազիայի բարձրագույն օրենսդիր մարմինն այսօր պետք է քննարկեր ՌԴ-ի հետ ներդրումների մասին միջկառավարական համաձայնագիրը վավերացնելու հարցը։ Սակայն, պատգամավորների որոշմամբ, հանդիպումը չեղարկվել է։
Հոկտեմբերի 30-ին Ռուսաստանը և Աբխազիան համաձայնագիր են ստորագրել, որը թույլ է տալիս ռուսական ընկերություններին ներդրումային գործունեություն ծավալել հանրապետությունում։ Համաձայնագրի վավերացումը նախատեսված էր նոյեմբերի 15-ին։ Աբխազական ընդդիմությունը կարծում է, որ այս համաձայնագիրը կհանգեցնի «օլիգարխիայի ընդլայնմանը» և Աբխազիայի կողմից տնտեսական ինքնիշխանության կորստի։ Նոյեմբերի 11-ի երեկոյան անվտանգության ուժերը ձերբակալել են համաձայնագրի հակառակորդներին։ Դրանից հետո բողոքի ալիքը տարածվել է ամբողջ Աբխազիայում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը