Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում հարյուրավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել խորհրդարանի և նախագահական նստավայրի մոտ՝ ընդդեմ Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի կնքման, հայտնում է svoboda.org-ը։
Սկզբում ցուցարարները բեռնատարով կոտրել են խորհրդարանի շենքի դարպասներն ու ներխուժել, ապա շրջափակել են նախագահականը և կրկին կոտրել դարպասները:
Աբխազիայում ցուցարարները պահանջել են նախագահի անհապաղ հրաժարականը:
Ցուցարարները ձվեր ու շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, որոնք իրենց հերթին ծխային ռումբեր են օգտագործել։ Խորհրդարանի մոտ կրակոցներ են հնչել. ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ բողոքի ակցիայի ժամանակ տուժել է ութ մարդ:
Առավոտյան ընդդիմության կոչով մարդիկ սկսել են հավաքվել խորհրդարանի մոտ։ Աբխազիայի բարձրագույն օրենսդիր մարմինն այսօր պետք է քննարկեր ՌԴ-ի հետ ներդրումների մասին միջկառավարական համաձայնագիրը վավերացնելու հարցը։ Սակայն, պատգամավորների որոշմամբ, հանդիպումը չեղարկվել է։
Ինչպես նշում է ՌԻԱ «Նովոստի»ն, հոկտեմբերի 30-ին Ռուսաստանը և Աբխազիան համաձայնագիր են ստորագրել, որը թույլ է տալիս ռուսական ընկերություններին ներդրումային գործունեություն ծավալել հանրապետությունում։ Համաձայնագրի վավերացումը նախատեսված էր նոյեմբերի 15-ին։ Աբխազական ընդդիմությունը կարծում է, որ այս համաձայնագիրը կհանգեցնի «օլիգարխիայի ընդլայնմանը» և Աբխազիայի կողմից տնտեսական ինքնիշխանության կորստի։ Նոյեմբերի 11-ի երեկոյան անվտանգության ուժերը ձերբակալել են համաձայնագրի հակառակորդներին։ Դրանից հետո բողոքի ալիքը տարածվել է ամբողջ Աբխազիայում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը