04 06 2018

Բողոքի գործողությունները դադարեցնել կամ գոնե կասեցնել. Նիկոլ Փաշինյանի կոչը` Արցախի ցուցարարներին

Բողոքի գործողությունները դադարեցնել կամ գոնե կասեցնել. Նիկոլ Փաշինյանի կոչը` Արցախի ցուցարարներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 4-ին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում անդրադարձավ Արցախում ստեղծված իրավիճակին՝ տեղի ունեցող ցույցերին:

«Որևէ կասկած չկա, որ ուժային կառույցների ներկայացուցիչների պահվածքը մտահոգություններ առաջացնող է, եթե չասենք դատապարտելի, չնայած ընդհանուր առմամբ անընդունելի է ներհայաստանյան հարցերը բռնությամբ լուծելու ցանկացած փորձ, անկախ նրանից՝ ում կողմից է կիրառվում»,- ասաց նա և նշեց, որ այս իրավիճակը շատ կոնկրետ լուծումներ պետք է ստանա, շատ կոնկրետ հետևությունների, եզրակացությունների բերի:

«Ես ուշի ուշով հետևում եմ Արցախում ծավալվող իրադարձություններին, մշտական կապի մեջ եմ եղել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ և գոհունակությամբ եմ արձանագրում, որ Արցախի նախագահը մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել ցուցարարների ներկայացուցիչների հետ, լսել նրանց պահանջները և դրանց վերաբերյալ մտահոգությունների վերաբերյալ ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ, և Արցախի նախագահն ասել է, որ պատրաստ է ի կատար ածել այդ պայմանավորվածությունները, լրիվ, ամբողջական քննություն իրականացնել»,- ասաց նա և նշեց, որ ցուցարարների ներկայացուցիչների և նախագահ հետ ձեռք է բերվել փոխադարձ ըմբռնում:

 Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հիմա եկել է մի փուլ, երբ մեր հարգելի հայրենակիցները, ցուցարարները, պետք է Արցախի նախագահին հնարավորություն տան՝ իրականացնի այդ պայմանավորվածությունները:

«Կարծում եմ, որ ակնհայտ է, որ դրանք պետք է իրականացվեն հանդարտ, ոչ նյարդային վիճակում»,-ասաց նա:

«Ըստ էության՝ ցույցն իր նպատակին հասել է, և կարծում եմ, որ հիմա գնդակը Արցախի իշխանությունների դաշտում է, հիմա ճիշտ կլինի, որ հարգելի ցուցարարները գնդակը թողնեն իշխանությունների դաշտում, և եթե չհանգուցալուծվի իրավիճակը պայմանավորվածությունների շրջանակում, այդ դեպքում ցուցարարները կարող են այն հետ բերել նորից իրենց դաշտ»,- ասաց վարչապետը և կրկնեց, որ իր եղբայրական կոչը խնդրանքն է, որ այդ բողոքի գործողությունները դադարեցվեն կամ գոնե կասեցվեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ