17 05 2018

Վարչապետը՝ բողոքի ցույցերի, հրաժարականների և կուտակված խնդիրների մասին



Կառավարության՝ մայիսի 17-ի նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց անող քաղաքացիներին:

Անդրադառնալով Երևանի քաղաքապետի և գլխավոր դատախազի հրաժարականների պահանջներին, Նիկոլ Փաշինյանն ասաց, թե իր կարծիքով` միանգամից բոլորի հրաժարականը պահանջելը ճիշտ մոտեցում չէ: «Պետք է բոլոր հարցերին մոտենալ փուլ առ փուլ և հասկանալ, թե ում հրաժարականն ինչի համար ենք պահանջում»,- ասաց նա:

Անդրադառնալով Մյասնիկյանի արձանի հարակից այգում ծառերի հատմանը՝ վարչապետն ասաց. «Ես այգու բարեկարգման նախագծին ծանոթ չեմ, բայց ինչքան հասցրել եմ հետևել մամուլին, գիտեմ, որ հատված ծառերի փոխարեն տնկվելու են նոր ծառեր: Համենայն դեպս, մենք կհետևենք, որ ամեն ինչ այդպես լինի, և ես չեմ կարծում, որ այլ կերպ կարող է լինել»:

Ինչ վերաբերում է կառավարության շենքի մոտ բողոքողներին, վարչապետն ասաց. «Մարդիկ օգտվում են իրենց` ազատ արտահայտման հնարավորությունից, սակայն պետք է հասկանալ, որ բոլոր հարցերը միանգամից լուծելու տրամաբանությունը չի կարող գործել: Եթե մենք բոլոր հարցերը միանգամից փորձեինք լուծել, մենք բոլոր հարցերի լուծումը միանգամից կձախողեինք: Հիմա մենք պետք է հերթով, հանդարտ զբաղվենք այդ հարցերով»:

Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր»-ին ազատ արձակելու պահանջով բողոքի ցույցերին, վարչապետն ասաց. «Եթե որևէ մեկն ակնկալում է, որ ես պետք է մտնեմ, քրեակատարողական հիմնարկների դռները բացեմ, դա ճիշտ մոտեցում չէ: Կան ընթացակարգեր, կան մարմիններ, որոնք բոլոր հարցերը կլուծեն»:

Այս մոտեցումը Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս հայտնել է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ