Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Փաշինյանը հանդիպում է ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ:
Հանդիպումն առաջարկում ենք դիտել ուղիղ եթերում:
Հանդիպման սկզբում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց խնդիրն է փակել «քաղաքական թշնամանքի էջը», և ՀՀԿ-ն ունի հնարավորություն մասնակցել համերաշխության մթնոլորտի հաստատմանը:
«Այս քաղաքական պրոցեսի արդյունքում մենք կունենանք ոչ թե հաղթողներ կամ պարտվողներ, այլ համազգային հաղթանակ, եթե համերաշխություն հաստատենք: Լավատեսության և ապագայի նկատմամբ վստահության հաստատումը կլինի այս գործընթացի հաղթանակներից մեկը»,-ասաց նա։
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավորների հարցերին: Էդուարդ Շարմազանովը ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչ կողմնորոշում ունեն արտաքին քաղաքականության` մասնավորապես ԵԱՏՄ-ի անդամակացության հարցում:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ինքը դեմ է եղել, բայց այդուհանդերձ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և լինելով պետական գործիչ, պետք է հաշվի նստենլ իրողությունների ու փաստերի հետ: Ցանկացած քաղաքական գործիչ պետք է հենց այդպես էլ վարվի:
Շարմազանովը հայտարարեց, թե այս պահին Փաշինյանն ապացուցեց, որ ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը բխում էր պետական շահերից:
Արմեն Աշոտյանը շարունակելով թեման, հարցրեց, թե հիմա ինչ է փոխվել: Նա նաև հետաքրքրվեց` արդյո՞ք վարչապետ ընտրվելու դեպքում մտադրություն ունեի զրոյացնել ԵՄ-ի հետ արդեն ստորագրված համաձայնագիրը և, առաջ անցնելով, ստորագրել նոր համաձայնագիր:
Փաշինյանը պատասխանեց.
«Հայտարարել եմ մեր պատկերացումների մասին՝ պետք է զարգացնենք մեր հարաբերությունները բոլոր գործընկերների հետ, սակայն դա չպետք է արվի մեկը մյուսի հաշվին: Կարծում եմ՝ ինչքան էլ ձեր գնահատականն այլ լինի, որևէ ուղղությամբ պոտենցիալը ճշգրիտ և ամբողջությամբ օգտագործված չէ, ինչն էլ, ըստ էության, կփորձենք անել»,- ասաց նա:
Աշոտյանը նշեց նաև, որ ուզում է մեջբերել նաև Փաշինյանի՝ ապրիլյան պատերազմին տված գնահատականը` «ապրիլյան պատերազմն Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու մասին էր»:
«Երբ Սերժ Սարգսյանը հրաժարական էր տալիս և իր հայտարարության մեջ ասաց՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի, այս բոլոր հարցերի պատասխանը կարելի էր փակել այսպես՝ Սերժը ճիշտ էր, ես սխալվեցի, այլ ոչ թե ասել՝ իրավիճակ է փոխվել»,- ասաց Աշոտյանը:
ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ հարցրեց Կառավարության կազմի մասին, թե ովքեր են լինելու Նիկոլ Փաշինյանի տեղակալներն ու օգնականները: Ի պատասխան Փաշինյանը նշեց, որ նպատակը համերաշխության մթնոլորտի ձևավորումն է, ապա հավելեց, որ Կառավարության ապագա կազմը կձևավորվի՝ կախված նրանից, թե վաղը քվեարկությունը քաղաքական ինչպիսի պատկեր ցույց կտա:
«Վաղվա քվեարկության արդյունքներով եթե կընտրվի վարչապետ, հստակ կհասկանանք կողմ քվեարկողի մոտիվացիան։ Մենք չենք գալիս կադրային ջարդ անելու, ոչ մերոնքականներին մերոնքականներով փոխելու»,- նշեց նա։
ԱԺ «ՀՀԿ» խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը հարց բարձրացրեց, թե ժողովուրդը ե՞րբ է լավ ապրելու, ե՞րբ են ստեղծվելու նոր աշխատատեղեր, ե՞րբ են բացվելու նոր լուրջ արտադրություններ: Նա նշեց, որ շարժման յուրաքանչյուր օրը առնվազն երկու ամսով մեր տնտեսությունը հետ է շպրտել:
Պատասխանելով հարցին Փաշինյանը նշեց, որ շարժման ամեն օրը նաև մեծ պոտենցիալ է կուտակել Հայաստանի տնտեսության էական և թռիչքաձև զարգացման համար:
«Եթե օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության պայմանները ապահովվեն, ինչը շարժման հիմնական գաղափարներից մեկն է, համոզված եմ, որ ՀՀ-ում լրջագույն ներդրումներ են արվելու, առաջին հերթին հենց հայկական շրջանակներից այդպիսի ազդակներ արդեն իսկ կան: ՀՀ-ում տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտը արդարության և օրենքի իշխանության բացակայությունն է: Սրանք այն անհրաժեշտ պայմաններն են, որոնք կապահովեն Հայաստանի կայուն զարգացումը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը