26 04 2018

Դավիթ Տոնոյանն արձագանքել է Փաշինյանի կառավարությունում պաշտպանության նախարար աշխատելու հայտարարությանը

Դավիթ Տոնոյանն արձագանքել է Փաշինյանի կառավարությունում պաշտպանության նախարար աշխատելու հայտարարությանը

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, թե Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է: Այս հայտարարությանն արձագանքել է Դավիթ Տոնոյանը՝ նշելով. «Ես հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետության գործող կառավարության թիմի Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարը և շարունակելու եմ իմ տեղում իրականացնել ԱԻ նախարարի պարտականությունները այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի Հանրապետության նախագահը չի ազատել ինձ իմ պարտականությունների կատարումից և ես չեմ պատրաստվում որևիցե պաշտոնի առաջարկի արձագանքել»:

Հարցին, թե «Ելք»-ի ներկայացուցչի հայտարարությունը կարելի՞ է դիտարկել որպես պրովոկացիա, Դավիթ Տոնոյանը պատասխանել է. «Սա քաղաքական ուժի ներկայացուցչի՝ պարոն Միրզոյանի կարծիքն է, որը ճիշտ չէ իմ կողմից մեկնաբանել։ Իմ դիրքորոշումը հստակ է՝ ես շարունակում եմ իմ ծառայությունը Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում այնքան ժամանակ, քանի դեռ հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակում չի կայացրել այլ որոշում»:

Ինչ վերաբերում է այդ քաղաքական ուժի հետ հանդիպումներին, նախարար Տոնոյանը պատասխանել է. «Ստեղծված «արտակարգ քաղաքական իրավիճակում» իմ ամենօրյա և՛ հեռախոսային շփումները, և՛ անձնական հանդիպումները «Ելք» խմբակցության ներկայացուցիչների հետ բացարձակապես կապված են հանրային անվտանգության ապահովման օրհասականությամբ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ