Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքացիական անհնազանդության գործողությունների մասնակիցներն օրվա ակցիաները սկսել են ժամը 12:00-ից:
Ցուցարարները Երևանի «Լամբադա» կամրջի մոտից սկսել են գործողությունները: Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց ցուցարարներին՝ ասելով, որ փողոցներ չեն փակվի, իրենց օրվա նպատակը փակ համարանիշներով մեքենաները բացառելն է: Նաև նշեց, որ երեկոյան 19:00-ին Հանրապետության հրապարակում կլինի հանրահավաքը, որի ընթացքում ինքը կարևոր հայտարարություն է անելու:
Նշենք, որ բազմաթիվ ավտոմեքենաներ երթևեկում են առանց համարանիշի կամ կիսափակ համարանիշերով: Դրանց մեծ մասը խախտում են երթևեկության կանոնները՝ վթարների պատճառ դառնալով: Օրերս նման մեքենայի մասնակցությամբ վթարի պատճառով մեկամյա երեխա է մահացել:
Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ համարեց նման ավտոմեքենաների բացահայտումը և շարքերից հեռացումը:
Այդուհանդերձ, ցույցերի մասնակիցները երբեմն փողոցներ են փակում:
***
«Ազատ, անկախ ուսանող» կոչերով բողոքի երթ են սկսել նաև ուսանողները: Երթը սկսվել է Բժշկական համալսարանի մոտից:
***
Կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը ժամանել է Հայաստան: Նա Երևանում ծաղիկներ է բաժանել ցուցարարներին: Նշենք, որ դերասանուհին բավականի ակտիվ էր` կապված վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերի հետ: Նա մի քանի անգամ հայ ժողովրդին ուղղված կոչերով է հանդես եկել:
***
Մայիսի 1-ին պատգամավորները վարչապետ կընտրեն
Հայտարարություն է տարածել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ նշելով, որ վարչապետի ընտրությունը կկայանա մայիսի 1-ին՝ խորհրդարանի հատուկ նիստում:
***
ՀՅԴ-ն հեռացավ կառավարությունից
Կոալիցիայի դուրս գալուց հետո ՀՅԴ-ն հայտարարեց կառավարությունում պաշտոնները վայր դնելու մասին:
***
Մենք ապրում ենք նոր Հայաստանում. Նախագահի ուղերձը
Քաղաքական քննարկումներից հետո հայտարարություն է տարածել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
***
Ապրիլյան պատերազմի մասնակիցները ևս միացել են երթերին:
***
Առանց համարանիշի ավտոմեքենա հանդիպելիս՝ ցուցարարները պահանջում են անհապաղ վերացնել թերությունը:
***
Նիկոլ Փաշինյանը խորհրդակցությունների մեջ է
Նիկոլ Փաշինյանն ավարտեց իր երթը՝ կոչ անելով մյուսներին շարունակել: Իսկ ինքը խորհրդակցություններից հետո կվերադառնա Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի:
***
ՀՀԿ-ի անունից բանակցելու է Կարեն Կարապետյանը. Շարմազանով
Ընդդիմության հետ բանակցությունների համար ՀՀԿ-ի լիազորված անձը վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն է: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշել է, որ Կարապետյանն ունի թիմի լիարժեք աջակցությունը:
Ըստ ՀՀԿ խոսնակի, կուսակցությունն ինչպիսի որոշում էլ կայացնի, հիմքում կլինի ՀՀ-ի ներքին անվտանգությունը և կայունությունը:
«Բանակցություններ կարող են մեկնարկել ցանկացած պահի: Երկու ընդդիմադիր գործչի միջև տետ-ա-տետ բանակցություններ են եղել: Եթե դա հնարավոր է, ինչու հնարավոր չեն տետ-ա-տետ բանակցություններ իշխանության ու ընդդիմության միջև», - ասել է Շարմազանովը:
Անդրադառնալով ՀՀԿ կողմից վարչապետի թեկնածու առաջադրելու հարցին՝ Էդուարդ Շարմազանովը կոռեկտ չի համարել խոսել այդ մասին՝ թիմը պետք է ունենա միասնական դիրքորոշում։
***
Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին բանակցությունների է հրավիրում
Հայաստանում բողոքի ցույցերի կազմակերպիչ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ապրիլի 26-ի հանրահավաքում դիմեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին՝ նրան ապրիլի 27-ին, ժամը 12-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում բանակցությունների հրավիրելով:
Պայմանը մեկն է. «Բանակցությունները ծայրից ծայր պետք է տեղի ունենան լրագրողների ներկայությամբ»:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով վարչապետի ընտրությանը, ասաց, «Կամ ես կընտրվեմ վարչապետ կամ Հայաստանում վարչապետ չի ընտրվի»:
Նիկոլ Փաշինյանն ապրիլի 27-ին և 28-ին հանրահավաքներ կանի համապատասխանաբար՝ Գյումրիում և Վանաձորում, իսկ Երևանում և Հայաստանի մյուս բոլոր շրջաններում դադարեցնում է բողոքի գործողությունները երկու օրով: «Գնացեք հանգստացեք, ապրիլի 29-ին, 30-ին և մայիսի 1-ին բողոքի աննախադեպ գործողություններ են լինելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը