Հայաստանում բողոքի զանգվածային խաղաղ գործողությունների ողջ ընթացքում բազմաթիվ ավտոմեքենաների կարելի է հանդիպել, որոնց համարանիշերը կամ հեռացված են կամ փակված ստվարաթղթով: Դրանց ինքնին ոչ միայն օրենքի խախտում է, այլև դրանց վարորդներն են օրինազանցություններ անում՝ անտեսելով ճանապարհային երթևեկության գրեթե բոլոր նշանները: Այդ մեքենաները ևս «թավշյա հեղափոխության» մասնակիցներն են:
Սարալանջի փողոցում՝ դեպի «Հաղթանակի» զբոսայգի տանող հատվածում, ապրիլի 23-ին տեղի է ունեցել վթար, ինչի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 տարեկան Յուրի Պապովը մահացել է:
Վարորդը, որը փախուստի է դիմել, վարել է մեքենան փակ համարներով:
Ոստիկանությունը հայտնում է, որ ապրիլի 26-իգիշերը ՃՈ-ն մայրաքաղաքում հայտնաբերել և հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել առանց հաշվառման համարանիշերի երթևեկող 18 ավտոմեքենա, որոնց վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Ոստիկանությունը մեկ այլ հայտարարությամբ տեղեկացնում է, որ վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող զանգվածային գործողությունների ընթացքում առանձնանում են ավտոմեքենաներով ակցիաներին մասնակցողները, որոնք խախտում են երթևեկության կանոնները, վտանգում երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը, անհարկի ազդանշաններով խախտում համաքաղաքացիների անդորրը: «Ավտոակցիայի մասնակիցներին հիշեցնում ենք, որ շրջակայքում կան ծերեր, հիվանդներ, խախտվում է դպրոցների բնականոն աշխատանքը, մանկապարտեզներում երեխաները հայտնվում են անհանգստության մթնոլորտում: Կոչ ենք անում հիշել ու հարգել մեր բոլոր համաքաղաքացիների իրավունքները: Կոչ ենք անում պահպանել նաև սեփական անվտանգությունը: Ավտոմեքենաներով ակցիաներ անողները հաճախ բարձրանում են մեքենաների թափքերը, նստում տանիքին կամ բեռնախցերում:
Այդպես վարվողների մեջ շատ են անչափահասները, ինչը հղի է նրանց կյանքին և առողջությանը սպառնացող իրական վտանգներով: Մեծահասակներին կոչ ենք անում նրանց զերծ պահել այդպիսի գործողություններից: Ավտոակցիաների մասնակիցներին կրկին կոչ ենք անում հարգել համաքաղաքացիների իրավունքները, գործողությունները պահել օրենքի և խելամտության շրջանակներում, պատասխանատվություն դրսևորել բոլորի ու յուրաքանչյուրի համար և ձեռնպահ մնալ անդառնալի հետևանքներով հղի քայլերից»,- ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Ապրիլի 25-ի հանրահավաքում կոչ հնչեց վարորդներին մեքենան չվարել փակած համարներով:
Նիկոլ Փաշինյանն էլ ապրիլի 26-ի առավոտյան ֆեյսբուքյան տեսաուղերձում ասաց. «Կոչ եմ անում առժամանակ դադարեցնել Երևան քաղաքում փողոցների փակումը, որպեսզի կարողանանք զբաղվել մաւյրաքաղաքում երթևեկության կանոնների խախտմամբ: Չի կարելի թույլ տալ ինչ-որ մարդիկ առթից օգտվեն և այս ամենը վերածեն անվերահսկելի գործողության: Կոչ եմ անում ինքնակազմակերպվել և թույլ չտալ փակ համարներով երթևեկել: Կան մարդիկ, որ այս վիճակից օգտվում են, անում են «ճռիկ-վռիկներ»՝ մեր գործողությունները վարկաբեկելու համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը