26 04 2018

Մենք ապրում ենք Նոր Հայաստանում. Նախագահի ուղերձը

Մենք ապրում ենք Նոր Հայաստանում. Նախագահի ուղերձը

Հանրապետության նախագահն ապրիլի 25-ի ողջ օրվա ընթացքում խորհրդակցություններ անցկացնելով քաղաքական ուժերի և հասարակական-քաղաքական գործիչների հետ՝ ապրիլի 26-ի առավոտյան կատարել է հետևյալ գրառումը.

«Սիրելի հայրենակից,

Մեր երկրում վերջին օրերի բուռն զարգացումներն աննախադեպ երևույթ են: Այն, թե ինչպես քաղաքացիական շարժումը կազմակերպված և քաղաքակիրթ զարգացման ճանապարհով վերաճեց համաժողովրդական շարժման, համայն հայության համար հպարտության առարկա է:

Հայաստանի պատմության մեջ ունենք այլևևս նոր էջ: Մենք ապրում ենք Նոր Հայաստանում: Հայաստան, որտեղ յուրաքանչյուր հայաստանցի և աշխարհասփյուռ հայությունն իր ուժն ու եռանդը պետք է դնի երկրի զարգացման համար: Հայաստան, որին մատնացույց են անելու աշխարհում՝ ժողովրդավարության, կառավարման, քաղաքացիական հասարակության, մշակույթի, գիտության ու տնտեսության զարգացման առումով: Հայաստան, որտեղ հայը տեսնելու է իր և իր սերունդների ապագան: Հայաստան, որը սիրելու է յուրաքանչյուր հայ՝ պետական այրն ու շարքային քաղաքացին:

Հայաստան, որը լինելու է իմ և քո երազանքների Հայաստանը:

Այս իրողությունը ժխտելը քաղաքական կարճատեսություն կլինի:

Այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասը, նույն կերպ քաղաքական բոլոր ուժերը, հատկապես՝ Ազգային ժողովում ներկայացված, պետք է համերաշխաբար հարթեն այդ ճանապարհը՝ առաջնորդվելով Սահմանադրությամբ:

Մենք բոլորս պարտավոր ենք հավուր պատշաճի իրագործել այն պատմական առաքելությունը, որը մեզ բաժին է հասել, և մեր ազգի համար այս բախտորոշ պահին անել այդ քայլը: Ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող քաղաքական ուժերը պետք է միասնաբար երկիրն առաջնորդեն այս ճանապարհով:

Ես համոզված եմ, որ հազարամյակների ընթացքում կուտակված ազգային խոհեմությունը թույլ չի տա բաց թողնել այս պատմական պահը:

Հպարտ եմ, որ տեսնում եմ այօրվա Հայաստանը, և ուրախ, որ ապրելու եմ վաղվա հզոր, միասնական, արդար և ծաղկող Հայաստանում:

Բարի լո՛ւյս, Հայաստան: Բարի լո՛ւյս, Հայաստանի հպարտ քաղաքացի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ