Այն բանից հետո, երբ տապալվեցին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունները և վերջինս քաղաքացիներին դուրս հրավիրեց փողոց, ապրիլի 25-ից նորից վերսկսվել են քաղաքացիական խաղաղ անհնազանդությունները:
Ժամը 11:00-ի դրությամբ արդեն փակ են Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակի հարակից փողոցները, Արշակունյաց պողոտան, Հալաբյան-Կիևյան խաչմերուկը: Աբովյան փողոցում մեկնարկել են բողոքի ակցիաները: «Միացեք», «Ազատ, անկախ, ուսանող» կոչերով երթի մասնակիցները շարժվում են Աբովյան փողոցով, երթի մասնակիցների թվում են նաև Բժշկական համալսարանի և այլ բուհերի ուսանողները, որոնք դասադուլ են հայտարարել:
Պայքարի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում կարճ ելույթով դիմեց ցուցարարներին՝ նշելով, որ օրվա ընթացքում երթերը շարունակվելու են, իսկ երեկոյան 19:00-ին կլինի հանրահավաքը, որին կնախորդի համերգ:
***
Գագիկ Ծառուկյանը միանում է Նիկոլ Փաշինյանին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարության մեջ ասվում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հայտարարել էր, որ միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին և կանգնած է ժողովրդի կողքին, կոչ ենք անում մեր բոլոր կուսակիցներին հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում մոբիլիզացվել և դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին:
Մենք մշտապես եղել և լինելու ենք մեր ազգի եւ հայրենակիցների կողքին»։
***
«Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները միացել են Փաշինյանին
Հայտարարություն են տարածել «Ելք» դաշինքի անդամ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները՝ նշելով, որ ողջ ուժերով մասնակցում են փողոցային ակտիվ գործողություններին:
Հիշեցնենք, որ մինչ այս հիշյալ կուսակցություններն անհամաձայնություն էին հայտնել Նիկոլ Փաշինյանի բողոքի գործողություններին՝ նշելով, որ այդ տարբերակով անհեռանկարային են համարում հարցի լուծումը:
***
Ժողովրդի ընտրյալն այդպես չի ընտրվում. ՀՀ վարչապետի պաշտոնակատար
Մամուլի ասուլիս էր հրավիրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը՝ ստեղծված իրավիճակի հետ կապված:
Ներկայացնում ենք տեքստային հատվածներ ասուլիսից:
«Ամենատրամաբանական լուծումն այն է, որ քաղաքական կուսակցությունները նստեն, քննարկենք: Եթե իրենք որոշեն, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կա, որոշեն այն ժամկետները, որ ուզում են, պատրաստվեն, շարժվենք առաջ, որովհետև այսպես շարունակվելու դեխպքում մենք ունենում ենք տնտեսական խնդիրներ. Զբոսաշրջիկները չեն գալիս, ինվեստրները վերադառնում են, մենք ունենք զորակոչ, բազմաթիվ խնդիրներ:
Ես դիմում եմ մեր բոլոր քաղաքացիներին՝ սթափ դատել, թե ինչ ենք մենք ուզում:
Մենք հայտարարում ենք քաղաքացիական օրակարգ, մենք հայտարարում ենք, որ քաղաքական ուժերը նստելու են խոսելու: Թող թողնեն քաղաքական ուժերը նստեն պայմանավորվելու, մեկս մյուսի վրա չճնշենք: Այս էր իմ անհանգստությունը:
Ես ռեգուլյար ձեռքս պուլսին եմ պահում և տեսնում եմ ինչքանով ա ընկնում զբոսաշրջությունը, բիզնեսմենների հետաքրքրությունները: Մենք գալու ենք մի վիճակի, որ տնտեսական այս վիճակը վերականգնելը դժվար է լինելու:
Ես որևիցե մի երկիր չգիտեմ, որ ժողովրդի ընտրած թեկնածուն այդպես է ընտրում: Կան ընտրություններ: Քաղաքացիները դժգոհ են: Բայց այդ քաղաքացիներն ուզում են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, այլ քաղաքացիներ՝ այլ թեկնածություն: Եվ ինչպե՞ս պետք է մենք վարվենք: Ո՞րն է հայտանիշը: Դուք գիտե՞ք որևիցե երկիր, որ այդպես է ընտրվում ժողովրդի ընտրյալը: Դրա համար ասում ենք, որ եկեք գնանք արտահերթ ընտրությունների, ում ժողովուրդը ընտրեց՝ ընտրեց: Սահմանադրությունն այլ տարբերակ էլ է նախատեսում՝ թող ԱԺ-ում իրենց ֆրակցիան ներկայացնի իրենց թեկնածուին և եթե հաղթեն, ապա այո: Բայց մենք չենք կարող սուբյեկտիվ հատվածներ ստեղծել և ասել՝ ես ժողովրդի ընտրյալն եմ: Ժողովրդի ընտրյալն ընտրվում է ընտրությամբ:
Թող քաղաքական ուժերը հանդիպեն, որոշեն, որ տպավորություն չստեղծվի, թե մեկ քաղաքական ուժի կամքով է:
Կարելի է քննադատել, բայց չի կարելի էդպես ուլտիմատիվ ասել՝ սա պիտի չլինի, նա պիտի լինի, ո՞վ ա դա որոշում: Մի տարբերակ կա ընտրելու, և դա ընտրությունն է: Մենք ինչի՞ն ենք ուզում գնալ՝ դիկտատուրայի՞ն, թելադրանքի՞ն:
Ես հուսով եմ, որ մեր քաղաքացիները կդրդեն քաղաքական ուժերին նստել բանակցությունների սեղանի շուրջ»:
***
Այսօրվանից սկսում եմ խորհրդակցություններ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ. Արմեն Սարգսյան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Երեկ, Ապրիլի 24-ին, մեր ողջ ժողովուրդը, համաշխարհային հանրության հետ միասին, ոգեկոչեց մեր Սուրբ նահատակների հիշատակը՝ դրսևորելով ազգային համերաշխության և միասնության օրինակ:
Այսօր նույնպես, առավել քան երբևէ, մենք պետք է լինենք միասնական և համախումբ:
Քաղաքացիական շարժումը, որի մեջ ներգրավված է հատկապես երիտասարդությունը, նոր հնարավորություններ է բացում Հայաստանի քաղաքական կյանքի առողջացման և ժողովրդավարության խորացման ուղղությամբ: Այն կբարձրացնի Հայաստանի և հայ ժողովրդի հեղինակությունն աշխարհում, եթե մենք կարողանանք ճիշտ և կշռադատված լուծումներ գտնել:
Այդ իմաստով չափազանց կարևոր է կողմերի միջև երկխոսության մեկնարկը:
Ծանոթ եմ այսօր առավոտյան նախատեսված բանակցությունները դադարեցնելու մասին քաղաքացիական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարություններին և արտահայտված դիրքորոշումներին:
Ափսոսանք եմ հայտնում, որ բանակցությունները ընդհատվել են: Երկիրը և մեր երիտասարդ ժողովրդավարությունը գտնվում են լուրջ քննության առջև:
Մտահոգ ստեղծված դրությամբ՝ այսօրվանից սկսում եմ խորհրդակցություններ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակը և դրանից դուրս գալու ուղիները:
Հուսով եմ, համատեղ ջանքերով մեզ կհաջողվի փոխըմբռնման ոգով գտնել հնարավոր հանգուցալուծման ուղիները»:
11:50
Զրահատեխնիկա՝ մայրաքաղաքի փողոցներում
Կենտրոնական բանկի մոտ ճանապարհը փակվել է։ Ոստիկանությունը մեծ ուժեր է փորձում անցկացնել փողոցի այդ հատվածով, այդ թվում՝ զրահամեքենա, փշալարեր։ Հարյուրավոր ցուցարարներ, սակայն, փակել են ճանապարհի այդ հատվածը և թույլ չեն տալիս, որ ոստիկանական մեքենաներն անցնեն։ Ցուցարարներից մեկը պառկել էր զրահամեքենայի տակ՝ փորձելով կանխել դրա առաջխաղացումը:
Ոստիկանները բանակցում են ցուցարարների հետ, որպեսզի կարողանան անցնել դեպի Մելիք Ադամյան փողոց, սակայն ցուցարարները չեն զիջում:
***
12:01
Կառավարության և ՀՀԿ շենքերը շրջափակվեցին զրահատեխ
Ոստիկանությունը զրահատեխնիկայով և փշալարերով շրջափակեց ՀՀԿ գրասենյակը և կառավարության գլխավոր շենքը:
***
Հասկանալի է, որ ժողովրդի ցանկությունը պետք է իրականացվի բանակցություններով. Վարդան Օսկանյան
Ամեն ինչ ասված է, պետք չէ ժողովրդին գրգռել և ցնցումներ առաջացնել: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԳ նախկին նախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը: «Ապրիլի 23-ի իրադարձություններին ժողովրդի բուռն արձագանքն ու ցնծությունն ամեն ինչ ասել է։ Ժողովրդի՝ փոփոխության ցանկությունը միայն մեկ մարդու չի վերաբերում, այլ ամբողջ համակարգին, քաղաքական մենաշնորհին և արդար ընտրություններով նոր համակարգի ստեղծմանը։ Բոլորը պետք է հստակ գիտակցեն, որ իշխանությունն անցել է ժողովրդի ձեռքը, պետք է կատարեն ժողովրդի ցանկությունը։ Դրա դեմ գնալու արդյունքում ստեղծված որևէ անկանխատեսելի իրավիճակի ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է գործող կառավարության ուսերին։ Հասկանալի է, որ ժողովրդի ցանկությունը պետք է իրականացվի բանակցություններով՝ Սահմանադրության և օրենքների շրջանակում, բայց իշխանությունը պետք է հստակ արձանագրի և երաշխավորի, որ գործընթացի վերջնարդյունքը պետք է համապատասխանի ժողովրդի պահանջներին։ Իզուր տեղը պետք չէ ժողովրդին գրգռել և ցնցումներ առաջացնել»,- հայտարարել է նա:
***
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը հրաժարական տվեց. Նա դուրս է գալիս փողոց
ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչ Ռոստոմյանը հրաժարական է տվել: Հայտարարության մեջՌոստոմյանն ասում է. «Գիտակցելով պահի օրհասականությունն ու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունը Հայաստանի պետականության առջև՝ ես հրաժարական եմ տալիս Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարի պաշտոնից։ Որպես ԲՀԿ համակիր՝ ես պաշտպանում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համազգային մոբիլիզացիայի մասին կոչին և անձամբ դուրս եմ գալիս փողոց։ Բոլոր մարզիկներին և մարզաշխարհի ներկայացուցիչներին վստահեցնում եմ՝ այսօր Հայաստանի դրոշը Հանրապետության հրապարակում մեր ժողովրդի գլխավերևում ծածանելու ժամանակն է։ Իմ հանրապետական և դաշնակցական գործընկերներին հորդորում եմ առանց տատամսելու միանալ ժողովրդին և ենթարկվել նրա պահանջներին։ Այս պահին ոչինչ ավելի կարևոր չէ, քան մեր հայրենիքի համար անցնցում և խաղաղ ելք գտնելը։ Իմ խորին համոզմամբ՝ այդ ելքը հրապարակում է, ժողովրդի կողքին»։
***
Տեսանյութ, փե ինչպես ոստիկանները զրահատեխնիկան և փշալարերը մեծ դժվարությամբ մոտեցրին ՀՀԿ գրասենյակին
ՀՀ ոստիկանությունը Երևանում ոստիկանական ուժ, զինտեխնիկա և փշալարեր է կենտրոնացնում: Կենտրոնական բանկի մոտ բերված տեխնիկայի առաջը ցուցարարները փորձեցին փակել: Սակայն ոստիկաններին հաջողվեց առանց բռնությունների ճեղքել ցուցարարների օղակը և տեխնիկան մոտեցնել ՀՀԿ գրասենյակին, որը գտնվում է Մելիք Ադամյան փողոցում:
Տեսանյութն այդ մասին է:
***
ՀՀԿ-ն վերջնական որոշում չունի, «Ելք»-ի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունն ապրիլի 25-ին ԱԺ-ում խմբակցության նիստ էր հրավիրել, որի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ իրենք կոչով դիմել են հանրապետության նախագահին, որպեսզի վերջինս քաղաքական ուժերին քաղաքական երկխոսության հրավիրի: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուին, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ այդ հարցում վերջնական որոշում չի կայացվել. «Եթե քաղաքական երկխոսություն լինի, մենք նոր որոշում կկայացնենք: ՀՀԿ-ն միասնական է, և երբ որոշում կայացնենք, դրա մասին կխոսենք»: Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը գործընթացին որևէ կերպ չի մասնակցում. «Սերժ Սարգսյանն իր հրաժարականով ամեն ինչ ասել է»:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ հայտարարել է, որ իրենք վարչապետի պաշտոնում առաջադրելու են Նիկոլ Փաշինյանին: Ըստ Մարուքյանի՝ «Ելք»-ը և «Ծառուկյան դաշինքը» միասին 40 մանդատ ունեն, և կարող են 13 մանդատ ՀՀԿ-ից և ՀՅԴ-ից ստանալ:
Հիշեցնենք, որ վարչապետի ընտրությունը պետք է կայանա 7-օրյա ժամկետում:
Նիկոլ Փաշինյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի բանակցությունների տապալման գլխավոր պատճառը, ըստ ամենայնի, հենց վարչապետի թեկնածուի շուրջ անհամաձայնությունն է: Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ վարչապետ պետք է դառնա ժողովրդի թեկնածուն, որը ինքն է, իսկ Կարեն Կարապետյանը պնդում է, որ վարչապետը չի կարող ընտրվել փողոցում:
***
13:50
Ցույցեր՝ Արմավիրում
Ցուցարարները փակեցին «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը:
***
Ոստիկանության կոչը` ավտոմեքենաներով ակցիաներին մասնակցողներին
Ոստիկանությունը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.
«Վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող զանգվածային գործողությունների ընթացքում առանձնանում են ավտոմեքենաներով ակցիաներին մասնակցողները, որոնք խախտում են երթևեկության կանոնները, վտանգում երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը, անհարկի ազդանշաններով խախտում համաքաղաքացիների անդորրը:
Ավտոակցիայի մասնակիցներին հիշեցնում ենք, որ շրջակայքում կան ծերեր, հիվանդներ, խախտվում է դպրոցների բնականոն աշխատանքը, մանկապարտեզներում երեխաները հայտնվում են անհանգստության մթնոլորտում: Կոչ ենք անում հիշել ու հարգել մեր բոլոր համաքաղաքացիների իրավունքները: Կոչ ենք անում պահպանել նաև սեփական անվտանգությունը:
Ավտոմեքենաներով ակցիաներ անողները հաճախ բարձրանում են մեքենաների թափքերը, նստում տանիքին կամ բեռնախցերում: Այդպես վարվողների մեջ շատ են անչափահասները, ինչը հղի է նրանց կյանքին և առողջությանը սպառնացող իրական վտանգներով: Մեծահասակներին կոչ ենք անում նրանց զերծ պահել այդպիսի գործողություններից:
Ավտոակցիաների մասնակիցներին կրկին կոչ ենք անում հարգել համաքաղաքացիների իրավունքները, գործողությունները պահել օրենքի և խելամտության շրջանակներում, պատասխանատվություն դրսևորել բոլորի ու յուրաքանչյուրի համար և ձեռնպահ մնալ անդառնալի հետևանքներով հղի քայլերից»:
***
14:11
Ցույցեր՝ Տավուշում
Իջևանցիները փակել են դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը:
***
Ցույցեր՝ Գյումրիում
Բողոքի բազմամարդ ցույցեր են նաև Գյումրիում: Դրանց մասնակցում է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
***
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը Հայաստանում ծավալվող դեպքերի մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հետևում է վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, և նա ի գիտություն է ընդունել ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը հրաժարականի մասին։
Նա ողջունում է ընթացիկ իրադարձությունների խաղաղ բնույթը և խրախուսում է բոլոր համապատասխան դերակատարներին շարունակելու ցուցաբերել զսպվածություն և առաջնահերթություն տալ երկխոսությանը։
Հայաստանի համար նման կարևոր պահին Գլխավոր քարտուղարը կոչ է անում հարգել օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները, ինչպես նաև՝ պահպանել խաղաղություն և կայունություն Հայաստանում և տարածաշրջանում։
Առիթն օգտագործելով՝ Անտոնիու Գուտերեշը կրկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին կոչն ուղղված բոլոր կողմերին կանխելու շփման գծում հնարավոր լարվածությունները և կենտրոնացնելու ջանքերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ուղղությամբ:
***
ՀՅԴ–ական պատգամավոր Սուրեն Մանուկյանը միացել է Նիկոլ Փաշինյանին
ՀՅԴ-ական պատգամավոր ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ միանում է ժողովրդական հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանին։ Նա տեղեկացրել է, որ դա իր անձնական որոշումն է։
«Ես՝ Սուրեն Մանուկյանս, 2018թ ապրիլի 22-26 եղել եմ գործուղման Բաթումիում, մասնակցում եմ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին, բայց ուշադիր հետևում եմ Հայաստանում կատարվող իրադարձություններին և իմ համերաշխությունն եմ հայտնում ժողովրդական հեղափոխությանն ու նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: Ես միշտ հավատարիմ եմ եղել իմ ընտրողների՝ Տավուշի տարածաշրջանի ժողովրդի ձայնին, լինելով նրանց ընկերը: Այս ամենը նկատի ունենալով և իմ ընտրողների պահանջին արձագանքելով այս վճռորոշ պահին միանում եմ համաժողովրդական շարժմանը: Սա իմ անձնական որոշումն է»,- գրել է նա:
***
Հույս ունենք, որ Հայաստանում իրավիճակը շուտով կկարգավորվի. ՌԴ նախագահի խոսնակ
Կրեմլում շարունակում են հետևել Հայաստանի իրավիճակին և հուսով են, որ կողմերը հնարավորինս շուտ կկարողանան հասնել համաձայնության: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես այլևս ասվածին ավելացնելու բան չունեմ: Մենք շարունակում ենք կարծել, որ դա ներքին գործ է, և հուսով ենք, որ մեր հայ ընկերները կկարողանան արդեն մոտակա ժամանակներում կարգավորել այդ իրավիճակը և հասնել կոնսենսուսային որոշման: Մենք շատ ուշադիր շարունակում ենք հետևել այդ իրավիճակին»,-ասել է Պեսկովը:
Նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Կրեմլում Հայաստանում ներքաղաքաքական կայունության պահպանման և հայ ժողովրդին ներկայացնող բոլոր ուժերի համաձայնության հույս ունեն, ինչպես նաև հույս ունեն, որ մոտ ապագայում պարզ կդառնա այդ երկրում քաղաքական ուժերի բաշխումը:
***
Երևանում ՌԴ դեսպանատունն ուժեղացրել է անվտանգությունը
Երևանում ՌԴ դեսպանատունը մայրաքաղաքում շարունակվող բողոքի ակցիաների առնչությամբ ձեռնարկել է լրացուցիչ անվտանգության միջոցառումներ:
«Մեր հայ գործընկերները ձեռնարկել են անվտանգության արտաքին միջոցառումներ, մենք մեր հերթին սահմանափակել ենք մեր աշխատակիցների դուրս գալը, խորհուրդ ենք տվել պարզապես այսօր դուրս չգալ դեսպանատան սահմաններից:
Դեսպանատան հարակից տարածքներում իրավիճակը հանգիստ է»,- «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը:
***
ՀՅԴ ևս մեկ պատգամավոր միացավ շարժմանը
Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին միանալու մասին է հայտնել ԱԺ ՀՅԴ–ական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը։
Այդ մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։
«Սիրելի հայրենակիցներ ...
Իմ ընտրողներին տրված խոստմանը համաձայն, ես միանում եմ իմ ժողովրդին:
Սա իմ որոշումն է: Հորդորում եմ ցուցաբերել առավելագույն զսպվածություն, չտրվել սադրանքներին: Թող հաղթի ժողովրդի կամքը»,– գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ շարժմանը միանալու մասին էր հայտարարել նաև դաշնակցական մեկ այլ պատգամավոր Սուրեն Մանուկյանը։
***
Կարեն Կարապետյանը հերքում է իր հրաժարականի մասին լուրերը
Կայքերում տեղեկություններ էին հրապարակվել, թե ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել:
Կարեն Կարապետյանն ինքը Ֆեյսբուքյան էջում հերքել է՝ գրելով. «Հարգելի քաղաքացիներ, Իմ հրաժարականի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»:
***
Ժողովրդավարությունը վարչապետի թեկնածուն փողոցում՝ ցույցի ժամանակ ընտրելը չէ. ԱՄՆ դեսպան
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող մի շարք հարցեր:
Կառավարության լրատվականը հայտնում է, որ Կարեն Կարապետյանը կարևորել է ներքաղաքական խնդիրների լուծումը երկխոսության, Սահմանադրական ճանապարհով և շնորհակալություն հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ այս հարցում արտահայտած դիրքորոշման համար: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից խորհրդակցությունների անցկացումը խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակն ու դրանից դուրս գալու ուղիները, այդ թվում՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման միջոցով:
Դեսպան Միլսը կրկին անգամ վերահաստատել է ԱՄՆ կառավարության դիրքորոշումը և շեշտել, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան Սահմանադրության համաձայն: Նա ավելացրել է, որ քաղաքական իրավիճակի կարգավորման համար երկխոսությունն այլընտրանք չունի: «Ես հասկանում եմ, որ այս ցույցերը, քաղաքացիական անհնազանդության գործողությունները հանդիսանում են օրենքի խախտում, և կառավարությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը հնարավորինս լավ: Ես վստահ եմ, որ ժողովրդավարության կամ ժողովրդավարության ամրապնդման ճանապարհը նա չէ, որ վարչապետի թեկնածուն ընտրվում է փողոցում՝ ցույցի ժամանակ»,- նշել է Ռիչարդ Միլսն՝ ընդգծելով քաղաքական ուժերի միջև երկխոսության կարևորությունը:
***
Ուշ թե շուտ տեղի էր ունենալու այսպիսի հեղափոխություն, անսպասելին պահն ու ձևն էր. Վազգեն Մանուկյան
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն առաջարկել է ստեղծված իրավիճակի հանգուցալուծման իր ճանապարհային քարտեզը։
Վազգեն Մանուկյանի հայտարարության մեջ ասվում է. «Այն, ինչ կատարվեց Հայաստանում, ֆանտաստիկ էր, և անկեղծ ասած՝ ինձ համար էլ էր անսպասելի: Ակնհայտ էր, որ Հայաստանում ուշ թե շուտ տեղի էր ունենալու այսպիսի հեղափոխություն, բայց անսպասելի էր, որ այս պահին և այս ձևով:
Առաջին փուլը, որը վերջացավ Սերժ Սարգսյանի հրաժարականով, տվեց բավականին դրական արդյունքներ. միջազգային կարծիքը՝ մի կողմից, որը կարևոր է, բայց ինձ համար վճռական նշանակություն ունի այն, ինչ կատարվում է Հայաստանում. քաղաքականության մեջ մտավ երիտասարդների մի մեծ շերտ, որը քաղաքական մեծ փորձ չունի, բայց ունի երազանքներ, էներգիա և ցանկություն երկիրը տեսնելու իր պատկերացրած ձևով:
Այս պահին խոսքը գնում է այն մասին, թե ինչպես օգտագործել կուտակված էներգիան և ձեռք բերված փորձը:
Ինչքանով կարողանում եմ դատել, ժողովրդական ցուցարարների կողմը հստակ ձևակերպել է իր պահանջը, որի հիմքում ընկած է Ազգային ժողովի լուծարումը և նոր խորհրդարանի ձևավորումը: Կարեն Կարապետյանը նույնպես հայտարարեց, որ իշխանությունները համաձայն են քննարկվել խորհրդարանը լուծարելու, անգամ անհապաղ լուծարելու հարցը, բայց դա պետք է որոշում դառնա բանակցությունների միջոցով:
Բնական է, որ իրավիճակի այլ լուծումներ էլ կան, բայց դրանց մասին խոսելն արդեն անիմաստ է, պետք է քննարկել այս տարբերակները, որոնց ճանապարհային քարտեզը ես տեսնում եմ հետևյալ կերպ.
***
ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից
ՀՅԴ-ը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ քաղաքական ներկա իրավիճակում ճիշտ է համարում դադարեցնել իշխանական կոալիցիային իր մասնակցությունը:
ՀՅԴ հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:
«Ժողովրդային շարժման արդյունքում Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որն արդեն օրեր շարունակ լարվածության մեջ է պահում ողջ հասարակությանը:
Բարեբախտաբար, մինչ այս պահը հնարավոր է եղել խուսափել իրավիճակի հանգուցալուծման վատթարագույն տարբերակներից: Անցնող օրերի ընթացքում ՀՅ Դաշնակցությունը հետևողական ջանքեր է գործադրել համախոհության ձևավորման, երկխոսության միջոցով երկրի ու ժողովրդի շահերից բխող ընդունելի և ողջամիտ լուծում գտնելու ուղղությամբ:
Այսպես սակայն երկար չի կարող շարունակվել: Կարող են առաջանալ լուրջ մարտահրավերներ: Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես սահմանադրականության և օրենքների շրջանակներում:
Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ հայտարարում ենք քաղաքական կոալիցիային մեր մասնակցության դադարեցման մասին:
Առ այդ, Ազգային ժողովը պետք է ընտրի ժողովրդի վստահությունը վայելող վարչապետ, որի ձեւավորած կառավարության մշակած՝ պետության ներքին և արտաքին քաղաքականությունը ներառող ծրագիրը պետք է նպատակ հետապնդի՝
***
ԵԼՔ դաշինքը Հայաստանի վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը
ԵԼՔ դաշինքը Հայաստանի վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետւթյան սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «ԵԼՔ» խմբակցությունը 2018թ․ ապրիլի 26-ին գումարված խմբակցության նիստում որոշեց Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում թեկնածու առաջադրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Վովայի Փաշինյանին։
***
«Ելք»-ը պահանջում է Տարոն Մարգարյանի հրաժարականը
Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջի մասին:
Հայտարարության մեջ ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Երևան քաղաքը Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իշխանափոխության լոկոմոտիվն է, ինչը նշանակում է, որ օր առաջ Երևան քաղաքի իշխանությունը ևս պետք է փոխվի։
Հիմք ընդունելով վերոգրյալը, Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամները պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։
Հրաժարականից հետո օրենքով սահմանված կարգով ավագանին կնշանակի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը և ավագանու խմբակցությունը կառաջադրի քաղաքապետի նոր թեկնածուին»։
***
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը
Ապրիլի 25-ի երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քայլ արա» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը: Ներկայացնում ենք որոշ հատվածներ Փաշինյանի երափակիչ ելույթից:
«Մենք պահանջում ենք հանրապետական կուսակցության միանշանակ և անվերապահ կապիտուլյացիա ժողովրդի առաջ:
Այն պահին, երբ գործող վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, նրա հետ հրաժարական է տվել ամբողջ կառավարությունը: Եվ այսօր կառավարությունում չկա ոչ մի գործող պաշտնյա, բոլոր նախարարները հրաժարական տված են, և Հայաստանում այս պահին չկա որևէ պաշտոնյա:
Կարեն Կարապետյանն իրեն հռչակել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար: Իրավաբանները վերլուծել են, որ վարչապետի հրաժարականից հետո չի կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: Կարեն Կարապետյանը ոչ թե վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է, այլ՝ փոխվարչապետի և պետք է իրեն չվերապահի վարչապետի լիազորություններ: Դա կարող է համարվել քրեական հանցագործություն:
Կարեն Կարապետյանը հրավիրել է ուժայիններին և պնդել, թե պետք է արտակարգ դրություն մտցնել:
Այսօր հանդիպում եմ ունեցել Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչների հետ և հավաստիացումներ ստացել, որ Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին:
Շատ է խոսվում, թե մենք հրաժարվել ենք բանակցություններից: Այն ժամանակ, երբ «Մարիոթ»-ում նշանակվել են բանակցություններ, մեզ զանգահարում էին ՀՀԿ-ական պատգամավորներ և ասում՝ հաշվի առեք, որ Կարեն Կարապետյանն այդ բանակցություններում մեզ չի ներկայացնում: Դրանից հետո մենք առաջարկել ենք, որ բանակցություններին մասնակցեն Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Ինչո՞ւ, որպեսզի համոզվենք, որ բանակցում ենք իշխող կուսակցության, ոչ թե նրա մի հատվածի հետ:
Քիչ առաջ ինձ մոտեցան ՀՀԿ-ական պատգամավորների ներկայացուցիչներ և ասացին, որ այդ պատգամավորները պատրաստ են քվեարկել ժողովրդի թեկնածուի օգտին:
Մենք չենք պատրաստվում ժամավաճառությամբ զբաղվել, մենք պատրաստ ենք բանակցությունների և դրանք պետք է վերաբերեն իշխանության խաղաղ, անցնցում փոխանցմանը:
Եթե փորձ արվի որևէ հանրապետական թեկնածուի առաջադրել որպես վարչապետի թեկնածու, ժողովուրդը կշրջափակի Ազգային ժողովը, կառավարության շենքը, և ես Կարեն Կարապետյանին զգուշացնում եմ՝ այս պահից ոտք չդնել կառավարական որևէ շենք:
Ժողովուրդը հաղթել է և դա պետք է ճանաչվի րոպե առաջ:
Վաղը ժամը 7-ին կրկին հավաքվում ենք հանրահավաքի Հանրապետության հրապարակում: Վաղը առավոտից նոր թափով և ծավալով շարունակվում են գործադուլները, դասադուլները: Եվս մեկ քայլ ենք անում և ավարտին ենք հասցնում այս պատմությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը