25 04 2018

Արմեն Սարգսյանը հարթակ է ձևավորում. Նախագահի հայտարարությունը

Արմեն Սարգսյանը հարթակ է ձևավորում. Նախագահի հայտարարությունը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Երեկ, Ապրիլի 24-ին, մեր ողջ ժողովուրդը, համաշխարհային հանրության հետ միասին, ոգեկոչեց մեր Սուրբ նահատակների հիշատակը՝ դրսևորելով ազգային համերաշխության և միասնության օրինակ:

Այսօր նույնպես, առավել քան երբևէ, մենք պետք է լինենք միասնական և համախումբ:

Քաղաքացիական շարժումը, որի մեջ ներգրավված է հատկապես երիտասարդությունը, նոր հնարավորություններ է բացում Հայաստանի քաղաքական կյանքի առողջացման և ժողովրդավարության խորացման ուղղությամբ: Այն կբարձրացնի Հայաստանի և հայ ժողովրդի հեղինակությունն աշխարհում, եթե մենք կարողանանք ճիշտ և կշռադատված լուծումներ գտնել:

Այդ իմաստով չափազանց կարևոր է կողմերի միջև երկխոսության մեկնարկը:

Ծանոթ եմ այսօր առավոտյան նախատեսված բանակցությունները դադարեցնելու մասին քաղաքացիական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարություններին և արտահայտված դիրքորոշումներին:

Ափսոսանք եմ հայտնում, որ բանակցությունները ընդհատվել են: Երկիրը և մեր երիտասարդ ժողովրդավարությունը գտնվում են լուրջ քննության առջև:

Մտահոգ ստեղծված դրությամբ՝ այսօրվանից սկսում եմ խորհրդակցություններ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակը և դրանից դուրս գալու ուղիները:

Հուսով եմ, համատեղ ջանքերով մեզ կհաջողվի փոխըմբռնման ոգով գտնել հնարավոր հանգուցալուծման ուղիները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ