25 04 2018

Ժողովրդի ընտրյալն այդպես չի ընտրվում. ՀՀ վարչապետի պաշտոնակատար



Մամուլի ասուլիս էր հրավիրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը՝ ստեղծված իրավիճակի հետ կապված:

Ներկայացնում ենք տեքստային հատվածներ ասուլիսից:

«Ամենատրամաբանական լուծումն այն է, որ քաղաքական կուսակցությունները նստեն, քննարկենք: Եթե իրենք որոշեն, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կա, որոշեն այն ժամկետները, որ ուզում են, պատրաստվեն, շարժվենք առաջ, որովհետև այսպես շարունակվելու դեխպքում մենք ունենում ենք տնտեսական խնդիրներ. Զբոսաշրջիկները չեն գալիս, ինվեստրները վերադառնում են, մենք ունենք զորակոչ, բազմաթիվ խնդիրներ:

Ես դիմում եմ մեր բոլոր քաղաքացիներին՝ սթափ դատել, թե ինչ ենք մենք ուզում:

Մենք հայտարարում ենք քաղաքացիական օրակարգ, մենք հայտարարում ենք, որ քաղաքական ուժերը նստելու են խոսելու: Թող թողնեն քաղաքական ուժերը նստեն պայմանավորվելու, մեկս մյուսի վրա չճնշենք: Այս էր իմ անհանգստությունը:

Ես ռեգուլյար ձեռքս պուլսին եմ պահում և տեսնում եմ ինչքանով ա ընկնում զբոսաշրջությունը, բիզնեսմենների հետաքրքրությունները: Մենք գալու ենք մի վիճակի, որ տնտեսական այս վիճակը վերականգնելը դժվար է լինելու:

Ես որևիցե մի երկիր չգիտեմ, որ ժողովրդի ընտրած թեկնածուն այդպես է ընտրում: Կան ընտրություններ: Քաղաքացիները դժգոհ են: Բայց այդ քաղաքացիներն ուզում են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, այլ քաղաքացիներ՝ այլ թեկնածություն: Եվ ինչպե՞ս պետք է մենք վարվենք: Ո՞րն է հայտանիշը: Դուք գիտե՞ք որևիցե երկիր, որ այդպես է ընտրվում ժողովրդի ընտրյալը: Դրա համար ասում ենք, որ եկեք գնանք արտահերթ ընտրությունների, ում ժողովուրդը ընտրեց՝ ընտրեց: Սահմանադրությունն այլ տարբերակ էլ է նախատեսում՝ թող ԱԺ-ում իրենց ֆրակցիան ներկայացնի իրենց թեկնածուին և եթե հաղթեն, ապա այո: Բայց մենք չենք կարող սուբյեկտիվ հատվածներ ստեղծել և ասել՝ ես ժողովրդի ընտրյալն եմ: Ժողովրդի ընտրյալն ընտրվում է ընտրությամբ:

Թող քաղաքական ուժերը հանդիպեն, որոշեն, որ տպավորություն չստեղծվի, թե մեկ քաղաքական ուժի կամքով է:

Կարելի է քննադատել, բայց չի կարելի էդպես ուլտիմատիվ ասել՝ սա պիտի չլինի, նա պիտի լինի, ո՞վ ա դա որոշում: Մի տարբերակ կա ընտրելու, և դա ընտրությունն է: Մենք ինչի՞ն ենք ուզում գնալ՝ դիկտատուրայի՞ն, թելադրանքի՞ն:

Ես հուսով եմ, որ մեր քաղաքացիները կդրդեն քաղաքական ուժերին նստել բանակցությունների սեղանի շուրջ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ