17 04 2018

Ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվի բռնությունը. ՀՀ նախագահ

Ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվի բռնությունը. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, անդրադարձել է մայրաքաղաքում կատարվող բողոքի ցույցերին.

«Ըստ Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածության առաջադրումը խորհրդարանական ուժերի իրավունքն է: Ազգային ժողովի մեծամասնության ներկայացրած թեկնածուին ընդդիմությունը կարող է հակադրվել՝ իր քվեի միջոցով:

Ցանկացած քաղաքական ուժի կամ քաղաքացու իրավունքն է նաև Սահմանադրությամբ իրենց վերապահված իրավունքների շրջանակում՝ լինի դա հավաքի, ցույցի և այլ խաղաղ միջոցներով, ազատորեն արտահայտելու իրենց կարծիքը, համաձայնությունը կամ անհամաձայնությունը քաղաքական այս կամ այն իրադարձության նկատմամբ:

Ազատ խոսքի և կամարտահայտության իրավունքը ժողովրդավարության կարևորագույն արժեքներից է: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը կարևոր է երկրի համար:

Միեւնույն ժամանակ ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվի բռնությունը, անօրինական գործողությունները եւ այլոց իրավունքների սահմանափակումը:

Մեր երկրի անվտանգությունը և ազգային համերաշխությունը բոլորիս համար պետք է լինեն առաջնային ու անքննելի անհրաժեշտություն: 

Եվ, իհարկե, կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու առողջությունը և կյանքը՝ ուսանողից, ցուցարարից մինչև ոստիկան, թանկ է բոլորիս համար»,- ասել է նախագահ Սարգսյանը:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ