Ապրիլի 17-ի վաղ առավոտյան՝ 8:10 րոպեից, Երևանի Ֆրանսիայի հրապարակից ցուցարարները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սկսեցին օրվա բողոքի գործողությունները:
Նրանք քայլերթով անցնում են Երևանի տարբեր փողոցներով՝ փակել-բացելով դրանք:
Երթը տեղի է ունենում նախապես չծրագրված երթուղիներով:
Մի շարք վայրերում երիտասարդ ցուցարարները բախումներ են ունեցել ոստիկանների հետ, կան բերման ենթարկվածներ:
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կա հավաքը դադարեցնելու որոշում:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Նիկոլ Փաշինյանին հանձնեց ոստիկանության որոշման գրությունը, որը, սակայն, Փաշինյանը պատռեց:
Ոստիկանությունը հիմնական ուժերը՝ զինված մահակներով, փշալարերով, ծանր տեխնիկայով, կենտրոնացրել է Ազգային ժողովի մոտ, որտեղ ուղիղ կեսօրին նախատեսված է հատուկ նիստ՝ Սերժ Սարգսյանի վարչապետությունը քննարկելու և հավանություն տալու համար:
Նախորդ օրվա դեպքերի ժամանակագրությունը՝ այստեղ:
***
Բուժօգնության է դիմել հանրահավաքի 37 մասնակից և 14 ոստիկան
Ապրիլի 16-ին մայրաքաղաքի բժշկական կենտրոններից ահազանգ էր ստացվել, որ բուժօգնություն ստանալու նպատակով իրենց են դիմել թվով 37 քաղաքացի և 14 ոստիկան, որոնք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում ՀՀ Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքի մասնակիցների կողմից Ոստիկանության ծառայողների պատնեշը ճեղքելու փորձերի ընթացքում:
ՀՀ դատախազության կողմից ՀՀ Ոստիկանությանը հանձնարարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ստուգել հանգամանքները և նյութեր նախապատրաստել: Այս մասին հայտնում է դատախազությունը:
***
«Հանրային ռադիո» ՓԲԸ-ի շենք մուտք գործելու կասկածանքով ձերբակալվել է 2 անձ
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործի նյութերով պարզվել է, որ 2018 թ. ապրիլի 14-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իր կողմից՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքի մասնակիցների հետ, խախտելով Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 5 հասցեում գտնվող «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի վարչական շենք մուտք գործելու հատուկ անցագրային ռեժիմը, ապօրինի մուտք են գործել հիշյալ շենք, ապա՝ հարձակվել ու հաղթահարել են շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների դիմադրությունը:
Այս մասին տեղեկացրին ՀՔԾ-ից: Այնուհետև անօրինական հավաքի մասնակիցները, շարունակելով չենթարկվել ոստիկանության ծառայողների և հանրային ռադիոյի աշխատակիցների օրինական պահանջներին, կոտրել են եթերային ստուդիա տանող մուտքի դուռը, մտել ուղիղ եթերի տաղավար՝ պահանջելով ուղիղ եթերի տրամադրում, ինչի հետևանքով տևական ժամանակով խախտվել է հանրային ռադիոյի բնականոն աշխատանքը, վտանգվել հասարակական անվտանգությունը:
Վերը նկարագրված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել են զանգվածային անկարգություններին և անօրինական հավաքներին ակտիվորեն մասնակցած Ա. Գ.-ն ու Ս. Լ.-ն: ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
***
Նյութեր են նախապատրաստվում Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքի ընթացքում 37 քաղաքացու և 14 ոստիկանի վնասվածք ստանալու փաստերով. Դատախազություն
Նախօրեին մայրաքաղաքի բժշկական կենտրոններից ահազանգ էր ստացվել, որ բուժօգնություն ստանալու նպատակով իրենց են դիմել թվով 37 քաղաքացի և 14 ոստիկան, որոնք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ապրիլի 16-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքի մասնակիցների կողմից Ոստիկանության ծառայողների պատնեշը ճեղքելու փորձերի ընթացքում: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «ՀՀ դատախազության կողմից ՀՀ Ոստիկանությանը հանձնարարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ստուգել հանգամանքները և նյութեր նախապատրաստել»,-ասվում է հաղորդագրությունում:
Երևանի Ֆրանսիայի հրապարակում ելույթ ունենալով՝ հանրահավաքի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քանի որ ամբողջ ուժային կառույցները կուտակվել են ԱԺ-ում, իրենք գործողություններ կանեն պետական մյուս հիմնարկների վրա՝ փորձելով կաթվածահար անել կառավարության աշխատանքը: «Այնտեղ, որտեղ կհաջողվի ներս մտնել, ներս կմտնենք ու նստացույց կանենք, իսկ որտեղ չի հաջողվի, մուտքի մոտ նստացույց կանենք: Ոչ մեկին չենք թողնի ներս մտնել, իսկ դուրս կթողնենք նրանց, ովքեր կմիանան մեզ»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մեկնարկի մասին: Նա կոչ արեց Հայաստանի մյուս քաղաքներում ևս իրականացնել բողոքի գործողություններ:
Այնուհետև ցուցարարները շարժվեցին Երևանի Կենտրոնով, շրջափակեցին ՀՀ դատախազության շենքը: Փորձեցին ներս մտնել, սակայն դուռը փակ էր:
Ցուցարարները նստեցին շենքի մուտքերի մոտ:
Փաշինյանն առաջ շարժվեց՝ դեպի վճռաբեկ դատարանի շենք:
Ոստիկանությունը միայն իր դեմ կիրառած բռնությո՞ւնն է նկարել
Վերջին օրերին Երևանում տեղի ունեցող զանգվածային միջոցառումների կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225 (Զանգվածային անկարգությունները) և 225.1 (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը) հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռք են բերվել տեսագրություններ, որոնցում ակնհայտ երևում է, թե հավաքի մասնակիցները ինչպես չեն ենթարկվում ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրում նրանց նկատմամբ, արգելափակոցներ, քարեր և այլ առարկաներ նետում ոստիկանների ուղղությամբ` նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է ոստիկանությունը:
Հարուցված քրեական գործի շրջանակում միջոցներ են ձեռնարկվում հիշյալ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու, բերման ենթարկելու և գործի քննությանը նրանց մասնակցությունն ապահովելու ուղղությամբ:
***
Կա 80 բերման ենթարկված
Համաձայն ոստիկանության, վարչական իրավախախտում կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը հասել է 80-ի:
Նրանք Երևանում ընթացող բողոքի ակցիաների մասնակիցներ են: Ցուցարարները բերման են ենթարկվել հիմնականում Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկից։
***
Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առավոտյան ժամը 10-ից սկսելու են բողոքի գործողությունները՝ Երևանի մի ծայրից մյուսը:
Առաջիկա օրերին, Փաշինյանի հայտարարությամբ, կստեղծվի հեղափոխական կոմիտե, որը կկազմակերպի հեղափոխական գործընթացները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը