13 04 2018

Ընդդիմության վճռական հանրահավաքը՝ Ազատության հրապարակում. Լուսանկարներ

Ընդդիմության վճռական հանրահավաքը՝ Ազատության հրապարակում. Լուսանկարներ

Ազատության հրապարակում մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնած հանրահավաքը

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը, որ քայլարշավ էր սկսել Գյումրուց-Երևան, ավելի քան 200 կմ քայլքով անցնելուց հետո հանրահավաք է հրավիրել Երևանի Ազատության հրապարակում:

Հանրահավաքն ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության է:

Հանրահավաքին միացել է նաև «Հանուն Հայաստան» ճակատի նախաձեռնությունը, որը Երևանի Արաբկիր վարչական շրջանից քայլերթով եկել է Ազատության հրապարակ:

Հանրահավաքում ելույթ ունենալով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մեր պայքարը միայն Սերժ Սարգսյանին կասեցնելը չէ, ՀՀԿ-ին իշխանությունից զրկելը չէ, այլ՝ Հայաստանի քաղաքացուն ազատագրելը: Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին հեռացել է, այժմ մեր նպատակն է թույլ չտալ, որ նա վերադառնա»:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ազգային անվտանգության առումով լավագույն թեկնածու համարվող Սերժ Սարգսյանը միակ նախագահն է եղել, որի օրոք Արցախում հող ենք կորցրել:

Ասաց, որ պետք է Հայաստանում համակարգային փոփոխություն լինի, և ընտրությունների արդյունքը որևէ քաղաքացու մոտ կասկած չհարուցի:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ընդդիմությանը, այդ թվում «Ելք» դաշինքին, մոռանալ միմյանց հասցեին վիրավորանքները և միավորվել: 

 Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը, թույլ չտալ, որ որևէ պատգամավոր մուտք գործի շենք և վարչապետ ընտրի:

Կոչ արեց քաղաքացիներին չլքել Ազատության հրապարակը, որպեսզի իշխանությունը չկարողանա բռնություն գործադրել սակավաթիվ քաղաքացիների նկատմամբ: Իսկ եթե ոստիկանությունը բռնություն գործադրի, կոչ արեց պասիվ դիմադրություն ցույց տալ:

 Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց ակցիաները լինելու են շուրջօրյա, մինչև հաղթանակ:

Այնուհետև Փաշինյանը հայտարարեց առաջին ակցիայի մասին՝ շրջափակել Ֆրանսիայի հրապարակը, ինչը և արվեց՝ առանց ոստիկանության խոչնդոտի:

Համաձայն Փաշինյանի ներկայացրած ծրագրի, կգիշերեն Ֆրանսիայի հրապարակում, իսկ ապրիլի 14-ին կշրջափակեն ՀՀԿ գրասենյակի, որտեղ ՀՀԿ խորհրդի նիստում որոշվելու է Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու հարցը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ