06 04 2018

Ի՞նչ նվերներ իրավունք ունեն ստանալ պաշտոնյաները և ինչպե՞ս պետք է վարվեն դրանց հետ. Նոր կարգ

Ի՞նչ նվերներ իրավունք ունեն ստանալ պաշտոնյաները և ինչպե՞ս պետք է վարվեն դրանց հետ. Նոր կարգ

«Հանրային ծառայության մասին» ՀՀ նոր օրենքով սահմանվել են ի պաշտոնե նվերի ընդունման նոր կարգավորումներ: Այս մասին հայտնում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը:

Օրենքով արգելվում է պաշտոնեական պարտականություններն իրականացնելիս նվերների ընդունումը: Թույլատրելի նվեր ընդունելիս պաշտոնատար անձը պարտավոր է Կառավարության սահմանած կարգով հայտնել այդ մասին:

Եթե պաշտոնատար անձի կողմից ստացված նվերը գերազանցում է 75 հազար ՀՀ դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն՝ հաշվառվում է և հանձնվում պետությանը կամ համայնքին: 

Ներկայումս պաշտոնական թույլատրելի նվերները դասակարգվում են գույքային սպառողականի և ոչ սպառողականի: Եթե գույքային ոչ սպառողական նվերն իր արժեքով գերազանցում է 100 հազար ՀՀ դրամը, ապա վերադաս ունեցող անձն իր վերադասի համաձայնությամբ, իսկ վերադաս չունեցող անձն իր նախաձեռնությամբ այն կամ բարեգործության է տրամադրում, կամ նվերը համարվում է համապատասխան մարմնի սեփականությունն ու գույքագրվում: Արդյունքում, նվերը՝ որպես բարեգործություն, կարող է տրամադրվել նախընտրելի անձի, և այն չի դառնա պետական սեփականություն:

Եթե գույքային սպառողական նվերն իր արժեքով գերազանցում է 100 հազար դրամը, ապա վերադաս ունեցող անձն այդ մասին հայտնում է իր վերադասին: Դրանով իսկ պաշտոնատար անձը կարող է ընդունել, օրինակ՝ 50 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ժամացույցը՝ ընդամենը հայտնելով վերադասին:                 

Նկատենք, որ դեռևս գործող օրենքով սահմանված չէ, թե որն է գույքային ոչ սպառողական նվերը: Պարզ չէ նաև վերադաս չունեցող անձի կողմից 100 հազար ՀՀ դրամը գերազանցող սպառողական նվեր ընդունելու հետևանքը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ