«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունը ապրիլի 13-ին պայմանագիր է ստորագրել «Էյ դաբլյու այ գրուպ» ՍՊԸ-ի հետ եւ գնել խորհրդանշական նվերներ, ավելի կոնկրետ՝ AWI ապրանքանիշի ժամացույցներ, որոնց ընդհանուր գինը կազմում է 11 մլն 735 հազար դրամ։ Այդ գումարով պաշտպանական գերատեսչությունը գնել է տարբեր արժողության 713 հատ ժամացույց, որի թվում են 9 հազար դրամից մինչեւ 68-75 հազար դրամանոց ժամացույցներ։
Ի դեպ, գնումը ՊՆ-ն կատարել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Այս ընկերության արտադրած ժամացույցներն է կրում նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ավելին` այստեղից պատվիրում եւ գնում են ժամացույցներ` նվիրելու նպատակով, որպես վարչապետի կողմից անվանական նվերներ: Այսինքն՝ ընկերությունն իշխանությունների կողմից լայն աջակցություն ունի ու արտոնյալ կարգավիճակ։
AWI ընկերությունը հիմնադրվել է 2001թ., սփյուռքահայ գործարար, բարերար, ԱՄՆ քաղաքացի Հրաչ Կապրիելյանի կողմից, ով Արցախբանկի տնօրենների խորհրդի անդամ է եւ շվեյցարական հայտնի ժամացույցներ արտադրող «Ֆրանկ Մյուլլեր» (ԱՄՆ) ընկերության գործադիր տնօրենը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը