Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է․
Վաղվանից Ադրբեջանում իր աշխատանքը կսկսի Թուրքիայի նոր դեսպանը՝ Բիրոլ Աքգյունը։ Դեսպան Բ. Աքգյունը մեզ համար ունի հետաքրքիր կենսագրություն։
Նախ նշեմ, որ Աքգյունը մինչ այս երբևէ դիվանագիտական ծառայություն չի իրականացրել։ Մինչ դեսպան նշանակվելը գլխավորել է Թուրքիայի «Լուսավորության հիմնադրամը» (Maarif Vakfı)։
Այն պետության հովանու ներքո գործող կառույց է, որը կրթական ծրագրերի միջոցով իրականացնում է Թուրքիայի ազդեցության տարածումը մի շարք տարածաշրջաններում։ Այլ բառերով՝ այս հիմնադրամը թուրքական «փափուկ ուժի» գլխավոր գործիքներից է։ Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի հետ Թուրքիայի հարաբերությունների գլխավոր համակարգումն իրականացնում են ուժային կառույցները, հավանաբար դեսպանը, իր ունեցած փորձով, բացի դիվանագիտական կապերից, պետք է աշխատի նաև ադրբեջանական հասարակության շրջանում թուրքականության շարունակական ընդլայնման հարցերով։
Համալսարանական դասախոս, քաղաքագետ Աքգյունը ունի նաև հակահայկական գործունեությամբ աչքի ընկնող անցյալ։
Այսպես, նա բավական երկար զբաղվել է Հայոց ցեղասպանության պատմության կեղծմամբ, հայ-թուրքական հարաբերությունների հիմնահարցերով։ Նա հաճախ հանդես է եկել ժխտողականության նպատակ հետապնդող խորհրդաժողովներին, սեմինարներին, նրա ղեկավարությամբ գրվել են թեզեր (օրինակ՝ «Հայկական սփյուռքի ազդեցությունը թուրքական արտաքին քաղաքականության վրա»)։
Բոլոր իմաստներով՝ հետաքրքիր նշանակում է։ Ինչպես նաև մեզ հետ «խաղաղության» պատրաստվելու ևս մեկ «առհավատչյա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը