Վերջերս, Yerevan.Today-ը հաշվարկել և ինֆոգրաֆիկայով ներկայացրել էր Հայաստանի անկախության տարիներից ի վեր արտագաղթած, այն է՝ սահմանը հատած և չվերադարձած՝ ՀՀ քաղաքացիների տվյալները, որի առիթ էր հանդիսացել նախօրեին Ազգային Ժողովում նախ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի, այնուհետ իշխանական Հայկ Կոնջորյանի՝ թեմայի շուրջ իրար հակասող ելույթները։ Մեր ինֆոգրաֆիկայում ներկայացրել էինք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած սահմանահատման տվյալները՝ ըստ ղեկավարման տարիների։ Երեկ, արդեն, լրատվամիջոցներից մեկը՝ «Սիվիլնեթ»-ի փաստերի ստուգման հարթակը, նյութ էր հրապարակել, որով ըստ երևույթին, փորձ էր արվել ապացուցել իշխանական տեսակետը տվյալ խնդրի շուրջ։
Կրկնենք, որ Yerevan.Today-ն ինֆոգրաֆիկան պատրաստելիս օգտագործել էր ՀՀ պաշտոնական վիճակագրությունը։
Մենք կապ հաստատեցինք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի հետ՝ խնդրի շուրջ մեկնաբանություն ստանալու կապակցությամբ։
«Իմ կարծիքով, դա պետք է դիտարկել որպես նույն իշխանական մանիպուլյատիվ քարոզչության շարունակություն կամ փաստաբանություն, առ այն թեզի, իբր նախագահ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանում որևէ ներգաղթային միտում չի գրանցվել։
Այուամենայնիվ, հիշեցնեմ, որ 2004–2006 թվականներին ՀՀ քաղաքացիների սահմանահատումների թվով մեր պետությունն իրոք ունեցել է դրական ցուցանիշներ, ինչը պարզ լեզվով նշանակում է, որ տվյալ ժամանակահատվածում ավելի շատ ՀՀ քաղաքացիներ են ժամանել Հայաստան, քան մեկնել։
Շեշտեմ նաև, եթե տեղյակ չեն, մինչև 2021 թվականը վերոհիշյալ մեթոդոլոգիան և ցուցանիշները հանդիսացել են հիմնականը՝ արտագաղթի չափման համար։ Իսկ արդեն 2021 թվականին, գործող իշխանությունները, ելնելով իրենց քաղաքական շահից, որպեսզի ավելի բարենպաստ ցուցանիշներ նկարեն, փոխել են այն՝ միգրացիայի հաշվարկման հիմքում դնելով այլ հիմնական ցուցանիշ, այն է՝ գրանցումից դուրս եկած ՀՀ քաղաքացիների հաշվարկը։ Այս «մեթոդը», վստահ եմ, 2021 թվականից ներդվել է մի պարզ նպատակով՝ ցանկացած պահի թե՛ նախկինում եղած, թե՛ ներկայում արձանագրված ցուցանիշները գործող իշխանության քաղաքական ճաշակով մեկնաբանելու համար։ Եվ սա արվում է մի պատճառով․ այս «մեթոդաբանությամբ», իշխանության ներկայացրած որևէ իրականին մոտ թիվ ստուգելն անհնար է դառնում։
Եթե կուզեք, մի պարզ գործողությամբ կարող ենք բացահայտել իշխանական այս հերթական մանիպուլյացիայի կեղծիք լինելը․ յուրաքանչյուր քաղաքացի, իր շրջապատում ունի տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ծանոթ-բարեկամ-հարևաններ, որոնք տասնյակ տարիներ մշտապես բնակվում են արտերկրում, որոնց ճնշող մեծամասնությունը հանդիսանում է նաև այլ երկրների քաղաքացիներ․ սակայն, միևնույն ժամանակ, մնում են գրանցված Հայաստանում և գրանցումից դուրս չեն եկել։ Պարզապես մտովի հիշեք ձեր շրջապատի այդպիսի մարդկանց և կհասկանաք իշխանությունների հերթական կեղծիքի ծավալը և որակը։ Ստացվում է՝ իբրև թե փաստերի ստուգմամբ զբաղվող կայքը և 2021 թվականից սկսած՝ ՀՀ իշխանությունները այդ մարդկանց համարում են ոչ թե արտագաղթած այլ ՀՀ-ում բնակվող մարդիկ։ Ինձ մնում է միայն շնորհավորել մեր սիրելի քաղաքացիներին, ըստ իշխանության նոր «մեթոդաբանության», ձեր ՝ Հայաստանից վաղուց մեկնած և արտերկրում բնկվող բարեկամները չեն արտագաղթել, պարզապես դուք սխալ մեթոդաբանությամբ եք ընկալել․ նրանք այստեղ են՝ ձեր կողքին, պարզապես դուք դա չեք նկատում։
Եթե իշխանության հետ ամեն բան վաղուցվանից պարզ է, ապա տարակուսելի է, որ այսպես կոչված փաստերի ստուգմամբ զբաղվող համացանցային հարթակը ոչ թե բացահայտում է, թե երբ և ինչ, գուցե քաղաքական նպատակով է փոխվում հաշվարկման մեթոդիկան, այլ պարզապես զբաղվում է իշխանական քարոզիչների մանիպուլյացիաների փաստաբանությամբ։
Նույն տրամաբանությամբ, գործող իշխանությունները կարող են վաղը փոխել, օրինակ, 2018-2024 թվականներին վերցրած արտաքին պարտքի հաշվարկի մեթոդիկան և սահմանել, որ 7 միլիարդ դոլարը սահմանվում է որպես մեկ ցենտ ու պնդել, որ գործող իշխանությունը ավելացրել է արտաքին պարտքը ոչ թե 7 միլիարդ դոլարով, այլ ընդամենը մեկ ցենտով։
Անհերքելի է, որ նախագահ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին արձանագրված կայունությունը, իրական խաղաղությունն ու տնտեսական աճը և որպես դրա արդյունք՝ 2004-2006 թվականների ներգաղթի ցուցանիշներն այլևս պատմական փաստեր են, որոնք որևէ «մեթոդոլոգիայի» հետադարձ կիրառմամբ կամ քաղաքական կողմնապահությամբ «փաստերի ստուգումներով» չեն կարող կասկածի տակ առնվել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը