11 10 2024

ՀԷՑ-ը փորձում են խլե՞լ «Տաշիր գրուպից». News.am

ՀԷՑ-ը փորձում են խլե՞լ «Տաշիր գրուպից». News.am

News.am-ի տեղեկություններով՝ Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի հրաժարականը նույնպես առնչություն ունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի շուրջ վերջին շրջանում ստեղծված զարգացումների և դրան հաջորդած էլեկտրաէներգետիկ ոլորտի պատասխանատուների պաշտոնանկությունների հետ:

Բանն այն է, որ գործող կարգի համաձայն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության  ներդրումային ծրագրին պետք է հավանություն տա նաև Էկոնոմիկայի նախարարությունը, ինչից հետո ծրագիրը կներկայացվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատմանը:

Ըստ մեր տեղեկությունների՝ ՀԷՑ-ի ներդրումային ծրագրին հավանություն տալու խնդիրն էլ պատճառ է դարձել էկոնոմիկայի նախարարի տեղակալի հրաժարականի:

Հիշեցնենք, որ Տերտերյանը էկոնոմիկայի նախարարի տեղակալ էր նշանակվել  2021թ. ապրիլին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ պաշտոնից ազատման դիմումներ են ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Վերջինս, վարչապետի հոկտեմբերի 11-ի որոշմամբ, ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Բարձրաստիճան պաշտոնայների հրաժարականները պայմանավորված են Էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրներով, մասնավորապես էլեկտրաէներգետիկ ոլորտի պատասխանատուների, այդ թվում ՀԷՑ-ի նկատմամբ իշխանությունների խորը դժգոհությամբ և անվստահությամբ:

Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ տևական ժամանակ է իշխանությունը քննարկում է ՀԷՑ-ը ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ» ընկերությունից «խլելու» հարցը։

Ուշագրավ է, որ երեք պաշտոնյաների հրաժարականներից օրեր առաջ ՝ հոկտեմբերի 9-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի էր ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել էին էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:

Պատասխանատուները ներկայացրել են առկա իրավիճակը, խնդիրների լուծման շուրջ հնարավոր քայլերն ու լուծումները:

Փաշինյանը պատասխանատուներին տվել էր հստակ հանձնարարականներ, որոնք, ինչպես պարզվեց, ոչ բոլորն են համաձայնել կատարել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ