01 10 2024

2019 թվականին, Փաշինյանի անմիջական հրահանգով դատարանների շենքերի շրջափակումն արդյունքներ է տվել․ Խաչատրյան



 

Սահամանդրական դատարանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը ճանաչեց Սահմանադրությանը համապատասխանող։ Այլ բան չէր էլ սպասվում։ 2019 թվականին, Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով դատարանների շենքերի շրջափակումն արդյունքներ է տվել։ Այս մասին ասյօր՝ հոկտեմբերի 1-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Ի՞սկ ինչ փաստաթուղթ դատարանը ճանաչեց Սահմանադրությանը չհակասող։ Մի փաստաթուղթ, որը ական է Հայաստանի Հանրապետության տակ, փաստաթուղթ, որն Ադրբեջանին հնարավորություն կտա բզկտել մեր սահմանները, Հայաստանի դեմ նոր հարձակում իրականացնել։ Հարց եմ տալիս ձեզ և Սահմանադրական դատարանի անդամներին․ ի՞նչ հիմնարար սկզբունքով է իրականացվելու սահմանազատումը։ Ալմա Աթայի հռչակագրով։ Կասե՞ք, այդ հռչակագրում ո՞ր սահմաններն են հիշատակված։ Հռչակագրում սահմանները նկարագրված չեն, որևէ քարտեզի վրա հղում արված չէ։ Մինչդեռ դա պետք է լիներ սահմանազատման ելակետը։ Իշխանություններն ասում են՝ 1970-ականներիի վերջի քարտեզը։ (Կարող ենք վիճել արդյոք դա լավ ելակետ է, թե ոչ)։ Բայց, եթե այդ քարտեզն եք հիմք ընդունում, ինչու՞ չէք հստակ նշել։ Որովհետև հիմա էլ Ադրբեջանը չի ուզում։ Շարունակենք։ Այդ ելակետային քարտեզը կարող է օպտիմալացվել։ Նման խորհուրդ կա ԵԱՀԿ ուղեցույցում, օպտիմալացման անհրաժեշտության մասին խոսել ենք նաև մենք։ Հասկանու՞մ եք չէ, որ այդ օպտիմալացման արդյունքում Հայաստանի տարածքը կարող է փոխվել, ուստի սահմանազատման արդյունքում հնարավոր նոր սահմանները պետք է հաստատվեն հանրաքվեով։  Բայց այդ հարցը, Սահմանադրական դատարանին կարծես թե չի էլ հետաքրքրում։ Բայց դա էլ ամբողջը չէ։ Ըստ կանոնակարգի՝ «եթե հետագայում կնախատեսվեն այլ կարգավորումներ», ապա հիմնարար սկզբունքը կփոփոխվի։ Բնականաբար, նոր սկզբունքը սահմանված չէ, ոչ ոք չգիտի դա ինչ է լինելու, բայց Սահմանադրական դատարանը համարում է, որ այդ սկզբունքը Սահմանադրությանը չհակասող է լինելու։ Սովետի թվին մի խոսք կար «Դոկտոր Ժիվագոն չենք կարդացել, բայց Պաստեռնակին դատապարտում ենք»։ Հիմա դրա մյուս տարբերակն է. «Նոր հնարավոր սկզբունքները չենք տեսել, բայց դրանք Սահմանադրությանը չեն հակասում»։ Դե հա, մի տարբերակ կա. եթե հակասեց, Սահմանդրությունը կփոխենք։ Չէ որ ադրբեջանցիները դա են պահանջում։

Կանոնակարգում այլ ռիսկային կետեր նույնպես կան։ Վերցնենք հատվածական սահմանազատումը։ Ադրբեջանցիք կարող են պահանջել սահմանազատել Արարատի մարզի և Նախիջևանի միջև սահմանագծի խիստ որոշակի հատված (վստահ եմ, հասկանում եք ինչ ի նկատի ունեմ)։ Այդ հատվածում սահմանը կնկարագրվի, կստորագրվի ու վերջ։ Ի՞սկ երբ կսահմանազատվի Ճամբարակի հատվածը (դարձյալ հասկանում եք, թե ինչ ի նկատի ունեմ), կամ ինչ սկզբունքով՝ որևէ մեկն ասել չի կարող։ Այսինքն՝ այս թղթով, մենք ոչ թե պրոբլեմ ենք լուծում, այլ բազմաթիվ պրոբլեմներ ենք ստեղծում։ Սակայն, իշխանությունների նպատակը խնդիր լուծելը չէ, ուղղակի մի թուղթ ունենալն է, անկախ նրանից, որ այդ թուղթը խաղաղության փոխարեն կբերի անարգանք ու ռազմական նոր բախումներ»,- նշեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ