Ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը պատվիրակության հետ առաջին անգամ այցելել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն, հանդիպել տեղի խորհրդարանականների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Սա աննախադեպ այց է, որովհետև մինչ այս Հայաստանից որևէ քաղաքական պատվիրակություն չի այցելել, բայց այս այցով մենք մեսիջ ենք հղում, որ Հայաստանում կան ուժեր, որոնք կողմ են հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը»,-լրագրողներին ասել է Թևանյանը:
Նա նաև պարզաբանել է, որ Դոնեցկի Հանրապետություն այցը կազմակերպվել է տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ և հրավերով, այն ունի ճանաչողական և հումանիտար բնույթ: Ընդունող կողմը ԴԺՀ-ի խորհրդարանի ներկայացուցիչներն են եղել։
Համատեղ խորհրդակցության ընթացքում հայկական պատվիրակության անդամները և ԴԺՀ-ի խորհրդարանականներն ընդգծել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև կարծիքներ փոխանակել Հայաստանում այնպիսի բացասական հետևանքների զարգացումը թույլ չտալու վերաբերյալ, ինչպիսին Ուկրաինայում է:
«Մեր բարեկամները հանդես են գալիս խաղաղ ապրելու և Ռուսաստանի Դաշնության հետ զարգանալու օգտին։ Վստահ եմ և կրկնեմ այն, ինչ ասում է մեր նախագահը՝ միայն Ռուսաստանի հետ կլինի կայուն զարգացում և խաղաղություն»,-հանդիպումից հետո ընդգծել է ԴԺՀ խորհրդարանի ներկայացուցիչ, «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Վալերի Սկորոխոդովը:
Հանդիպման ավարտին Հայաստանի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության խորհրդարանի ներկայացուցիչները փոխանակվել են նվերներով և պայմանավորվել փոխհարաբերությունների հետագա զարգացման շուրջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը