23 08 2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կիևին կոչ է արել չխախտել ուղղափառ համայնքի միասնությունը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կիևին կոչ է արել չխախտել ուղղափառ համայնքի միասնությունը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն կոչ է անում Ուկրաինայի իշխանություններին չխախտել ուղղափառ համայնքի պատմականորեն հաստատված միասնությունը։ Այդ մասին News.am-ին հայտնեց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը՝ մեկնաբանելով Ուկրաինայի Գերագույն Ռադայի՝ օգոստոսի 20-ի որոշումը, որը թույլ է տալիս արգելել Ուկրաինայի տարածքում ռուս ուղղափառ եկեղեցու գործունեությունը։

«Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր դիրքորոշումն է հայտնել Ուկրաինայի կրոնական կյանքի հետ կապված այս տագնապալի խնդրի առնչությամբ, երբ կրոնական կազմակերպությունների գործունեության ոլորտում սահմանադրական կարգի պաշտպանության մասին օրենքը դեռ մշակման փուլում էր։ Ցավոք, այս օրինագծի վավերացման հնարավոր անցանկալի հետևանքների և ուղղափառների  վրա դրա բացասական ազդեցության վերաբերյալ Հայ Եկեղեցու և մյուս եկեղեցիների կողմից արտահայտված արդարացի մտահոգությունները արձագանք չգտան, որոշումներն ընդունվեցին ստեղծված քաղաքական իրավիճակի ազդեցությամբ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիմում է Ուկրաինայի բարեկամ ժողովրդի զավակներին՝ իշխանություններին և օրենսդիրներին՝ կոչ անելով չխախտել ուղղափառ համայնքի պատմականորեն հաստատված միասնությունը, պաշտպանել գոյություն ունեցող կրոնական համայնքների, հավատացյալների և հոգևւորականների իրավունքները, հարգել սրբավայրերի անձեռնմխելիությունը»,- նշել է քահանա Արթենյանը։ Նա նաև հավելել է, որ Հայ առաքելական եկեղեցու և բարեպաշտ ժողովրդի ցանկությունն է, որ Աստծո ողորմածությամբ շուտափույթ լուծվի ռուս-ուկրաինական հակամարտությունը, բացառվեն եկեղեցական կյանքը խաթարող անընդունելի երևույթները և վերականգնվեն եղբայրական ժողովուրդների՝ դարերով փորձված բարեկամության հարուստ ավանդույթները։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ