19 08 2024

Դա արվում է, որ ցանկացած պահի կարողանան գործարարներին պատասխանատվության ենթարկել. «Էլ Էս Էյ» ընկերության հիմնադիր տնօրեն

Դա արվում է, որ ցանկացած պահի կարողանան գործարարներին պատասխանատվության ենթարկել. «Էլ Էս Էյ» ընկերության հիմնադիր տնօրեն

ՊԵկ-ի կողմից առաջարկվել և կառավարության կողմից դրվել է հանրային քննարկման, օրենսդրական առաջարկ, որ խրախուսական նորմերը քրեական օրենսգրքից ձեռնարկատերերի համար վերացվեն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, մամուլի ասուլիսին ասաց «Էլ Էս Էյ» ընկերության հիմնադիր տնօրեն, փաստաբան Արսեն Սարդարյանը՝ ՊԵԿ-ի առաջարկած փոփոխությունները գնահատելով խիստ բացասական։ 

«Գտնում ենք, որ դա արվում է, որպեսզի գործարարներն, ըստ էության, ցանկացած պահի կարողանան պատասխանատվության ենթարկվել, և քրեական գործիքակազմով նրանց ստիպեն ՊԵԿ-ի, Քննչականի քրեաիրավական քաղաքականության իրականացնել, կառավարության համար ընդունելի որոշումներ կայացնել»,-պարզաբանեց Արսեն Սարդարյանը։ Մանրամասնելով ՊԵԿ–ի կողմից ներկայացված օրենսդրական առաջարկը, Արսեն Սարդարյանն ասաց.

«Հարկերից խուսափելու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նորմի հետ կապված երկար տարիներ ունեինք խրախուսական նորմ, այսինքն՝ դրան մեղսագրելու դեպքում կարող էր գործարարը չվճարված հարկը վճարել կամ պետությանը պատճառված վնասը փոխհատուցել, և քրեական հետապնդումը դադարեցվում էր դրանից հետո։ Այսօր առաջարկվում է այդ խրախուսական նորմերը հանել և քրեականացնել մաքսանենգությունը։ Այսինքն՝ մաքսային սահմանով թաքցրած ապրանքներ տեղափոխելը դառնում է քրեորեն հետապնդելի, այնինչ նախկինում դրա համար նախատեսված էր վարչական պատասխանատվություն, և դա մեր օրենսդրության բարեփոխումների շրջանակում էր կատարվել։ Համարվում էր, որ քրեական գործիքները պետք է դուրս գան բիզնեսի կարգավորումներից և ավելի վարչական գործիքակազմով պետությունն ունենա ներգործություն»։

Արսեն Սարդարյանի խոսքով, քրեականացնելով դաշտը, որոշակի տեղեկություններ ունենալու դեպքում՝ գործարարին կարող են տանել կալանքի, ինչի հետևանքով կարող է տուժել բիզնեսը։

Փաստաբանի պարզաբանմամբ՝ երբ բիզնեսի հիմնադիրը հայտնվում է քրեակատարողական հիմնարկում, նրա գործընկերներն են սկսում հեռանալ, առևտրային հարաբերություններն են սկսում վատանալ, բանկերն են սկսում վարկավորման խնդիրներ առաջացնել «Օրինակ՝ մեզ մոտ կալանքի են տանում տեսուչի կողմից հաշվարկի հիման վրա։ Տեսուչը անհասկանալի օպերատիվ իբր տվյալներով հաշվարկ է անում և նախնական հաշվարկով գործարարին տանում են կալանքի։

Բազմաթիվ են դեպքերը, երբ այդ հաշվարկը հիմնարար չէ, երբ գործարարն այդտեղ ապացուցելու բան ունի, երբ գործարարը դատական գործընթացի դեպքում միանշանակ ցույց կտա, որ իր կողմից ոչ մի հարկ էլ չի թաքցրել։ Բայց գործարարը ստիպված է լինում Քննչականի պայմաններն ընդունել, քանի որ «կալանավորում» գործիքակազմը կիրառում են, և ինքը հասկանում է, որ ամեն ինչ կորցնելու է։ Բիզնեսի մարդիկ են, առողջ են մտածում․ ավելի լավ է թեկուզ իրենց չկատարածի համար պատասխան տան, բայց իրենց բիզնեսը պահպանեն, քան սկզբունքային կռիվ տան ու ամեն ինչ կորցնեն։

Պրակտիկայում տեսնում ենք, որ դատարանները կարծես սատար են կանգնած ՊԵԿ-ի կողմից նախաձեռնված և քննչական մարմինների կողմից շարունակած այս գործընթացին։ Այսինքն՝ որպես կանոն, այս գործերով դատարանները կալանավորում խափանման միջոց տալիս են այն դեպքում, երբ ակնհայտ է, որ կալանավորման հիմքեր չկան»,– պարզաբանեց Արսեն Սարդարյանը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ