09 08 2024

Ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ ՀՀ-ի մահվան վկայական․ Արման Աբովյան

Ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ ՀՀ-ի մահվան վկայական․ Արման Աբովյան

Ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ ՀՀ-ի մահվան վկայականը։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը։

«Ցավով եմ արձանագրում, բայց հաճախակի մենք օգտագործում ենք այն վերբալ որակավորումները, որոնք անթույլատրելի են։ Այսինքն՝ սա խաղաղության պայմանագիր չէ, ինչի շուրջ այսօր խոսվում է։ Ինչ ուզում եք անվանեք, բայց դա խաղաղության պայմանագիր չէ։ Ես, օրինակ, դա կոչում եմ ՀՀ մահվան վկայական, թե ինչպես պետք է ՀՀ-ն ապամոնտաժվի»,- ասել է Արման Աբովյանը։

Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ ՀՀ ներկայիս իշխանությունների գլխավոր նպատակը իշխանության մնալն է։

«Ինչ վերաբերում է Սյունիքով Հայաստանի վերահսկողությունից դուրս ճանապարհ կամ ուղի ձևավորելու՝ թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկությանը, ապա այստեղ պարադոքսալ իրավիճակ է։ Ես հավատացնում եմ՝ ՀՀ իշխանություններն այս պարագայում ոչ մի բան չեն որոշում շատ շուտվանից, քանի որ որոշելու իրենց իրավունքն իրենք փոխանակել են արտաքին աջակցության դիմաց։ Այսինքն՝ ասել են, դուք ձեր մեջ որոշեք, թե ինչ եք անում, կարևորը մեզ սատարեք, մենք մնանք իշխանության։ Սա լոկ մերկապարանոց հայտարարություն չէ, սա իրականություն է»,- նկատել է մեր զրուցակիցը։

Նա անդրադարձել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։

«Ե՞րբ եք վերջին անգամ լսել ՀՀ իշխանությունների հայտարարությունն այն մասին, որ, օրինակ, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» անընդունելի է Հայաստանի համար։ Ոչ մի անգամ նման հայտարարություն չի եղել։ Դա միակ սուվերեն որոշումն է այս իշխանությունների՝ Սյունիքով կոմունիկացիաների ապաշրջափակման մասով»,- արձանագրել է Արման Աբովյանը։

Ինչ վերաբերում է Ալիևի հոխորտանքներին, քաղաքական վերլուծաբանը վստահ է՝ դրա հետևում կանգնած են Իսրայելը, Թուրքիան ու Արևմուտքը։

«Բաքուն երբեք չի խոսում միայն իր անունից։ Ինքն, ըստ էության, շատ լավ առաջ է տանում թե իսրայելական, թե արևմտյան շահերը, որոնք խաչվում են Թուրքիայի շահերի հետ։ Ալիևի բոլոր հոխորտանքներն ուղղակի Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ որոշումն է, որը բխում է Արևմուտքի հիմնական նպատակից»,- եզրափակել է Արման Աբովյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ