18 10 2024

Փաշինյանը լեգիտիմացրե՞լ է Էրդողանի հետ իր պայմանավորվածությունները եվրոպական դեսպանների մոտ․ AlphaNews



 

(Հետխորհրդային տարածքում փլուզման սցենարները չեն փոխվում)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Այս շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի երրորդ հանդիպումը ((Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականին Մոսկվայում, երկրորդը՝ 2023-ին Թեհրանում) տեղի կունենա հոկտեմբերին 18-ին Ստամբուլում։

Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, արդեն հասցրել են պատմել, թե ինչ կլինի այս հանդիպման շրջանակներում։ Ի թիվս այլ հարցերի, հանդիպման մասնակիցները կընդունեն համատեղ հայտարարություն, որտեղ կընդգծվի հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։ Կընդգծվի նաև ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության սկզբունքի, ներքին գործերին չմիջամտելու կարևորությունը։ Ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կընդունի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին:

Եթե գործընթացին նայեք այլ տեսանկյունից, ապա կարող եք տեսնել իրականությունը դիվանագիտական ձևակերպումների հետևում: Իսկ իրականությունն այն է, որ այս հանդիպման շրջանակներում Թուրքիան, Ադրբեջանը և Նիկոլ Փաշինյանը Մոսկվայի և Թեհրանի առջև կփորձեն լեգիտիմացնել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ իրենց պայմանավորվածությունները։ Համաձայնություններ, որոնց շուրջ, ըստ ամենայնի, վերջերս արդեն տեղի է ունեցել Թուրքիայի և Հայաստանի իրավասու նախարարներ Ա.Ուրարօղլուի և Գ.Սանոսյանի հանդիպումը։

Հատկանշական է նաև, որ Ստամբուլում հանդիպումից առաջ Փաշինյանը ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների արտակարգ և լիազոր դեսպաններին՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։ Այս քայլն ուներ թե՛ արտաքին քաղաքական դրդապատճառներ, թե՛ ներքաղաքական տրամաբանություն։
Նիկոլ Փաշինյանը Մոսկվային և Թեհրանին փորձելու է ցույց տալ, որ Էրդողանի հետ իր անձնական պայմանավորվածությունները լեգիտիմացված են ԵՄ մակարդակով, և որ թեև Ստամբուլում սեղանի շուրջ նստելու է ընդամենը 5 կողմ, կա նաև վեցերորդ կողմը՝ Եվրամիությունը, որը նույնպես աջակցում է Էրդողան-Փաշինյան-Ալիև եռանկյունու պայմանավորվածությունները: Դե իսկ Ռուսաստանի Դաշնությունն ու Իրանը պետք է հաշվի առնեն այդ պայմանավորվածությունները։

Հստակ էր նաև դեսպանների հետ հանդիպման ներքաղաքական տրամաբանությունը. ժողովրդին ցույց տվեցին, որ «ալամ աշխարհը» սատարում է «Փաշինյանի՝ միջանցքը հանձնելու ինքնիշխան որոշմանը»։ Իրանի և Ռուսաստանի դեմ գլոբալիստական ուժերի պայքարում «մանրադրամ դառնալու ինքնիշխան որոշումը»: Դե իսկ քարոզչությունը կհասցնի գործն ավարտին, և «կապացուցի» ժողովրդին, որ «ալամ աշխարհը» ոչ միայն պաշտպանում է Փաշինյանի «ինքնիշխան որոշումը», այլ նաև «կօգնի, եթե ինչ-որ բան լինի»։

Իրավիճակի ողջ ողբերգությունը կայանում է նրանում, որ հետխորհրդային տարածքում մի շարք գործընթացների հետևում կանգնած քաղաքական դերակատարներն իրենց չեն ծանրաբեռնում սցենարները հայաստանյան իրականությանը հարմարեցնելու և «շաբլոնո» կրկնում են նույն գործողությունները, տեքստերը և այլն, որոնք օգտագործվել են աշխարհի այլ մասերում:

Բանն այն է, որ 2022-ի փետրվարի 1-ին՝ պատերազմի մեկնարկից 23 օր առաջ, Ուկրաինայի Գերագույն Ռադան բացեց իր յոթերորդ նստաշրջանը նախագահ Վլադիմիր Զելենսկու և խորդհրադանի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկի ելույթներով, ինչից հետո «Եվրոպական համերաշխություն», «Գոլոս» և «Դովիրա» խմբակցությունների պատգամավորներն ամբիոն էին դուրս եկել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Էստոնիայի, Թուրքիայի, Լիտվայի, Լեհաստանի, Չեխիայի դրոշներով և շնորհակալություն էին հայտնել իրենց դաշնակիցներին «զենքի և դիվանագիտական աջակցության համար»։ Փաշինյանի հանդիպումը եվրոպացի դեսպանների հետ ուկրաինացի քաղաքական գործիչների այս գործողության կրկնությունն է, որը տեղի է ունեցել ռուս-ուկրաինական պատերազմից մոտ մեկ ամիս առաջ։

Մնում է միայն հասկանալ, թե ինչու, երբ սցենարներն ու գործողությունները կրկնվեն, Հայաստանի արտաքին կառավարման արդյունքը տարբեր կլինի, քան հետխորհրդային տարածքում մնացած դեպքերում։

Մտածե՛ք այդ մասին…»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ