31 07 2024

«Զանգեզուրի միջանցքի» մասին Էրդողանը չի խոսե՞լ. Առանց նախապայմանը էլ ո՞րն է. Բագրատ սրբազան

«Զանգեզուրի միջանցքի» մասին Էրդողանը չի խոսե՞լ. Առանց նախապայմանը էլ ո՞րն է. Բագրատ սրբազան

Լրագրողների հետ զրույցում Բագրատ Սրբազանն անդրադարձավ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև երեկ կայացած հանդիպմանը։

Հիշեցնենք՝ Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը հինգերորդ հանդիպումն են անցկացրել հայ-թորքական սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։

«Ինչ էլ որ տեղի ունենա, տեղի է ունենալու ի վնաս մեզ։ Այն ընթացքը, որը տեսնում ենք, ոչ մի կերպով չի նպաստում ՀՀ շահերին։ Եվ ամենակարևորը՝ մենք չգիտենք խոսակցության բովանդակությունն՝ ամբողջությամբ»,- հանդիպման վերաբերյալ ասաց Սրբազանը։

Նշենք, որ նախօրեին  թուրքական կողմը «կառուցողական» էր համարել Ռուբինյանի հետ հանդիպումը, Ռուբինյանն էլ իր հերթին հայտարարել էր, թե «լավ հանդիպում» է անցկացրել Թուրքիայի ներկայացուցիչ Քըլըչի հետ։

«Այդ ձևական, տեսանելի մասը՝ սահման գնալ-գալը, սահմանային հանդիպում ունենալը, ոչ մի էական տեղեկություն չի տալիս մեզ»,- ասաց Սրբազանը։

Իշխանության պնդումներին էլ, թե «առանց նախապայմանների» է ընթանում «կարգավորման» գործընթացը, Սրբազանն արձագանքեց․

«Ի՞նչ առանց նախապայման․ ամբողջ նախապայմաններ են։ «Զանգեզուրի միջանցքի» մասին Էրդողանը չի խոսե՞լ։ Առանց նախապայմանը էլ ո՞րն է»,- ընդգծեց Սրբազանը։

Նա անդրադարձավ նաև այն փաստին, որ իրանական կողմը, ՀՀ իշխանությունների լռության ֆոնին, ստիպված ինքն է բարձրաձայնում, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը չի բխում Հայաստանի շահերից։

«Գնահատելի է, որ Իրանը, որպես մեր բարեկամ երկիր, հաստատուն կերպով անընդհատ նշում է այդ հանգամանքի մասին։ Կարծես մեր ամբողջ հույսը նաև իրենց վրա լինի՝ պաշտպանության իմաստով, խնդիրներն արծարծելու իմաստով։ Այլ պետություններն են մեր անվտանգությամբ  մտահոգվում, սա խոսում է ՀՀ կառավարություն կոչվածի չգոյության մասին»,- ասաց Բագրատ Սրբազանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ